Մատչելիության հղումներ

Արցախի ԱԽ ընդլայնված նիստում քննարկվել է ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը


Արցախում, նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ, Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է անցկացվել։

Ըստ Արցախի նախագահի գրասենյակի՝ օրակարգում Արցախում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունն էր:

«Քննարկվել են Արցախի անվտանգության և ժողովրդի կենսապահովման համար ձեռնարկվող քայլերը, հումանիտար աղետի կանխման հնարավորությունները», - հայտնում է Արցախի նախագահի գրասենյակը՝ նշելով, որ Հարությունյանը քննարկված հարցերի վերաբերյալ մի շարք հանձնարարականներ է տվել:

Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Միջանցքը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Հիվանդանոցները չեն ստանում անհրաժեշտ բժշկական ապրանքներ ու դեղորայք, մթերային խանութների դարակները կիսադատարկ են։

Երեկ կեսօրին ճանապարհը մի քանի վայրկյանով բացվել է. Արցախի շտապօգնության մեքենան Կարմիր խաչի ուղեկցությամբ անցել է ցուցարարների միջով, 62-ամյա արցախցուն, որ սրտի հրատապ վիրահատության կարիք ուներ, Երևան տեղափոխելու համար։ Ադրբեջանի արտգործնախարարությունն էլ հերքելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհի շրջափակման վերաբերյալ պնդումները՝ նշել էր, թե «հակառակ տարածվող ապատեղեկատվությանը՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և հայերին պատկանող շտապօգնության մեքենաներն անխափան կերպով անցնում են Լաչինի ճանապարհով»։

XS
SM
MD
LG