Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վրաստանի իշխանություններին կոչ է արել մեծահոգություն դրսևորել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ և նրան տեղափոխել Ուկրաինայի, ԱՄՆ-ի կամ եվրոպական որևէ երկրի կլինիկա։
«Այն, ինչ կատարվում է Միխայիլի հետ, ծաղր է։ Դա Վրաստանին վայել չէ, այդ ամենին պետք է վերջ տալ», - հայտարարել է Ուկրաինայի առաջնորդը:
Վրաստանի բանտարկված նախկին նախագահը շաբաթներ ի վեր բուժում է ստանում Թբիլիսիի «Վիվամեդ» մասնավոր հիվանդանոցում: Երրորդ նախագահի աջակիցների, մի խումբ մասնագետների պնդմամբ՝ նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, Սաակաշվիլին ունի կյանքին վտանգ սպառնացող խնդիրներ:
Իշխանությունը պնդում է, թե ազատազրկված նախկին նախագահը պատշաճ բուժօգնություն է ստանում: