Լաչինի միջանցքի հետ կապված՝ պաշտոնական Երևանը ՀԱՊԿ-ին չի դիմել, "РИА Новости" լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է ռազմական դաշինքի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
«Դիմումներ որպես այդպիսին չեն եղել, մենք ելնում ենք նրանից, որ դա ՀԱՊԿ պատասխանատվության գոտուց դուրս է», - ընդգծել է Զասը։
Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Միջանցքը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Հիվանդանոցները չեն ստանում անհրաժեշտ բժշկական ապրանքներ ու դեղորայք, մթերային խանութների դարակները կիսադատարկ են։
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն այսօր առավոտյան հայտարարեց, որ ճգնաժամը և բլոկադան շարունակվում են։
Հայաստանի արտգործնախարարությունն էլ տեղեկացրեց, որ Հայաստանի դիմումի հիման վրա, Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը, կքննարկվի ՄԱԿ Անվտանգության խորհրդում։