ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները ուրբաթ առավոտյան Լիբիայի վերաբերյալ խորհրդակցություններից հետո քննարկելու են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ Ֆրանսիայի առաջարկով, հաղորդում է ՄԱԿ ԱԽ աշխատանքները լուսաբանող Security Council Report (SCR) անկախ հետազոտական կենտրոնը:
Թվիթերում կենտրոնի հրապարակած հաղորդագրության համաձայն՝ քննարկումը կայանալու է օրակարգի «Այլ հարցեր» բաժնում:
Դեկտեմբերի 12-ի առավոտից փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։
Դեկտեմբերի 13-ին երեկոյան էլ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդեց, որ Ադրբեջանը դադարեցրել է Արցախի գազամատակարարումը՝: Այսօր առավոտյան գազի մատակարարումն Արցախ վերականգնվել է: