Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանը Հոլոդոմորը ճանաչել է ցեղասպանություն ուկրաինական ժողովրդի նկատմամբ


Եվրամիության օրենսդիր մարմինը 1932-33 թթ. Ուկրաինայում տեղի ունեցած զանգվածային սովը ճանաչել է որպես ցեղասպանություն։ Համապատասխան բանաձևին կողմ է քվեարկել Եվրախորհրդարանի 507 պատգամավոր, դեմ՝ 12, 17 -ը՝ ձեռնպահ։

«Հոլոդոմորը (Գոլոդոմոր-խմբ.)` Ուկրաինայում 1932-1933 թվականների արհեստական սովը, որը առաջացել է խորհրդային ռեժիմի գիտակցված գործողություններով, Եվրախորհրդարանը ճանաչում է որպես ուկրաինական ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանություն»,- ասվում է բանաձևի տեքստում։

Հոլոդոմորը ցեղասպանություն ճանաչելու մասին բանաձևեր են ընդունել Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Բունդեսթագը, Իռլանդիայի Սենատն ու Մոլդովայի և Ռումինիայի խորհրդարանները։ Միացյալ Նահանգները համապատասխան բանաձևն ընդունել է դեռևս 2018 թվականին:

Զանգվածային սովամահության հետևանքով Ուկրաինայում անցյալ դարի 1930-ականների սկզբին զոհվել է առնվազն 5 միլիոն մարդ: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ խորհրդային իշխանության պահանջով Ուկրաինայում գյուղացիներից առգրավել են գրեթե ամբողջ պարենը՝ հացահատիկը, սերմացուն և անասունները:

XS
SM
MD
LG