Մատչելիության հղումներ

ԵՄ-ը փորձագետների խումբ կուղարկի Հայաստան՝ դիտարկելու նոր առաքելության տեղակայման հնարավորությունը. Պետեր Ստանո


Եվրամիությունն առաջիկա շաբաթներին փորձագետների խումբ կուղարկի Հայաստան՝ դիտարկելու այստեղ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման հնարավորությունը, «Ազատությանը» հայտնել է Եվրամիության արտգործնախարար Ժոզեպ Բորելի խոսնակը՝ առանց հստակ ժամկետներ նշելու։

«Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մշտական կապի մեջ է կողմերի հետ։ Այս պահին Միությունն ու անդամ երկրները տեղի գործընկերների հետ խորհրդակցություններ են անցկացնում՝ քննարկելու, թե ինչպես կարող են նպաստել կայուն խաղաղությանը՝ տեղում ներգրավված լինելու միջոցով։ Այդ նպատակով Եվրամիությունը առաջիկա շաբաթներին փորձագետների խումբ կուղարկի Հայաստան՝ դիտարկելու նոր առաքելության տեղակայման հնարավորությունը, որպեսզի նպաստի վստահության կառուցմանը», - ասել է Պետեր Ստանոն իր գրավոր պատասխանում։

Եվրամիության քաղաքացիական դիտորդների առաքելությունն ավարտվում է վեց օրից։ Արտաքին քաղաքականության հարցերով մամուլի խոսնակն, ըստ էության, չի պատասխանել «Ազատության» հարցին, թե ինչո՞ւ Եվրամիությունը որոշեց չերկարաձգել այս գործող առաքելությունը՝ հատկապես, որ պաշտոնական Երևանը ողջունել էր նման հնարավորությունը։

Պետեր Ստանոն միայն շեշտել է, որ Պրահայում կողմերը պայմանավորվել էին երկու ամսով տեղակայել դիտորդներին Հայաստանում. - «Ինչպես նշել է բարձր ներկայացուցիչ Բորելը, մենք ցանկանում ենք հարգել մեր հանձնառությունը, և առաքելությունը իր գործունեությունը կավարտի դեկտեմբերի 19-ին»։

Ժոզեպ Բորելի խոսնակը նաև տեղեկացրել է, որ այս ընթացքում դիտորդները 136 դիտարկում են անցկացրել՝ հետևելով, թե արդյոք կողմերը հավատարիմ են հրադադարի պահպանմանը։ Նրանք զեկույցներ են ներկայացրել Եվրամիությանը, ինչը կառույցին «թույլ է տալիս ավելի լավ աջակցել կողմերի սահմանային հանձնաժողովների աշխատանքին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG