Մատչելիության հղումներ

Ընտրություններում պարտված ՔՊ-ականը նշանակվել է Անի խոշորացված համայնքի ժամանակավոր ղեկավար


Անի խոշորացված համայնքի ժամանակավոր ղեկավար Արման Սարիբեկյան
Անի խոշորացված համայնքի ժամանակավոր ղեկավար Արման Սարիբեկյան

Վարչապետն Անի խոշորացված համայնքի ժամանակավոր ղեկավար է նշանակել տեղական ընտրություններում պարտված իր կուսակցին։

Մինչև նոր քվեարկությունը համայնքը կղեկավարի սեպտեմբերի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորած Արման Սարիբեկյանը։ Սարիբեկյանն արդեն համայնքապետի աշխատասենյակ է տեղափոխվել։

Արդյո՞ք ՔՊ-ականին նշանակելը լրացուցիչ առավելություն չի տալիս իշխող կուսակցությանը գարնանը կայանալիք արտահերթ ընտրություններում։ Այս հարցին Սարիբեկյանն արձագանքեց. - «Ոչ որպես լծակ... հնարավորություն է տրվել, վստահություն է տրվել, որպեսզի իրապես մեր համայնքի բնակչությունը տեսնի, թե ինչ է հնարավոր անելու, որ չի արվել։ Հուսով եմ, երեք ամսվա մեջ տարբերությունը կարող ենք ցույց տալ, և նկատելի փոփոխություններ կլինեն»։

Սեպտեմբերի տեղական ընտրություններում հաղթել էր Անիի նախկին համայնքապետ Արտակ Գևորգյանի առաջնորդած դաշինքը։ Սակայն երկրորդ ու երրորդ տեղը զբաղեցրած «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Հայկական երազանքը» բոյկոտեցին նիստերը, նորընտիր ավագանին այդպես էլ չկարողացավ համայնքապետ ընտրել ու այստեղ նոր ընտրություններ նշանակվեցին։ Ընդ որում՝ «Քաղաքացիական պայմանագիրը» չէր էլ թաքցնում՝ նիստերին չեն գնում, որպեսզի արտահերթ նշանակվի։

«Միանշանակ մենք պատրաստվում էինք հաղթանակի, որպեսզի մեծամասնություն լինենք, բայց համակերպվել ենք էն, ինչ գոյություն ունի», - ասաց Սարիբեկյանը։

19 բնակավայր ու մոտ 21 հազար բնակիչ ունեցող Անիի ժամանակավոր ղեկավարը պատրաստվում է համայնքներում վարչական ղեկավարներ էլ փոխել։ Փորձելո՞ւ է ազատվել այն համայնքների վարչական ղեկավարներից, որտեղ ՔՊ-ն պարտվել է, հետաքրքրվեցինք Արման Սարիբեկյանից։ Ասաց. - «Չեմ կարծում էդ տրամաբանությամբ։ Ընդհանուր էղած խնդիրների հետ կապված կտեսնենք որտեղ ինչ աշխատանք է տարվել։ Եվ հաստատ որոշվելու է որտեղ աշխատանք չի կատարվել, և մենք [կգտնենք] համապատասխան պրոֆեսիոնալ և ավելի նվիրված համագյուղացի, կփորձենք վստահել իրեն, որպեսզի խնդիրները արագ կարգավորենք։ Իհարկե վստահելու ենք մեր թիմակիցներին, որոնց ճանաչում ենք։ Քաղաքական պաշտոնները կզբաղեցնեն քաղաքական թիմի ներկայացուցիչները»։

Սեպտեմբերյան ընտրություններում հաղթած Արտակ Գևորգյանն այսօր անպատասխան թողեց մեր հեռախոսազանգերը։ Ավելի վաղ մյուս երկու խմբակցությունների բոյկոտի պայմաններում, երբ արդեն ակնհայտ էր, որ նա չի կարողանա դարձյալ համայնքը ղեկավարել, Գևորգյանն ասել էր, թե այս մեխանիզմով փոշիացվում են իրենց ձայները. - «Կարծում եմ, որ օրենքը, բնականաբար, մշակվել է գուցե ժամանակի անցումային դրույթների մեջ շահեկան կամ ինչ-որ տեղ հնարավորություններ է տալիս, բայց սա ժողովրդավարության տեսանկյունից ճիշտ մոդել չէ, ճիշտ մեխանիզմ չէ։ Կարծում եմ, օրենքի մեջ պետք է վերանայել, որ ժողովրդի ունեցած ձայնը երբևէ չվերածվի շուկայի»։

Իսկ Անիի համայնաքապետի աթոռը ժամանակավոր զբաղեցնող Արման Սարիբեկյանը չի ընդունում, որ հաղթանակը փոշիացնում են, ընդհակառակը՝ պնդում է, որ նախկին համայնքապետն է ըստ էության պարտվել երկու ուժերին. - «Հաղթանակ տեղի չի ունեցել։ Ըստ օրենքի կարգի, ոնց տեղի է ունեցել... փաստացի դժգոհ բնակչության քվեն ավելի շատ ա էղել, և դրա համար կլինի նոր ընտրություններ, և կորոշվի իսկական հաղթողը»։

Համայնքապետարանի նախկին աշխատակազմը հրաժարական էր տվել։ Նորը դեռ ձևավորվում է։ Քանի դեռ համայնքը ավագանի չունի, այստեղ բյուջե չի հաստատվի, նոր ծրագրեր չեն իրականացվի։

XS
SM
MD
LG