Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան չի բացառում, որ Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների 9-րդ փաթեթը կարող է հաստատվել արդեն այսօր։ Ֆրանսիական դիվանագիտության ղեկավարն այս մասին հայտարարել է այսօր Բրյուսելում՝ ԵՄ արտաքին գործերի նախարարների հերթական հավաքից առաջ։
«Վստահ եմ, որ պատժամիջոցների նոր փաթեթը մենք ի վիճակի կլինենք հաստատել մինչև այսօր երեկո», - պնդել է Կոլոնան։
ԵՄ հեղինակած այս փաստաթղթով նախատեսվում է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի ևս 200 քաղաքացիների, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականների, նահանգապետերի և պատգամավորների նկատմամբ։ Բացի այդ պատժամիջոցներ են սահմանվելու Ռուսաստանում գործող մի շարք բանկերի, արդյունաբերական ձեռնարկությունների և հեռուստաալիքների դեմ, արգելվելու է երրորդ երկրներից անօդաչու թռչող սարքերի արտահանումը Ռուսաստան։