Մատչելիության հղումներ

Սպենդիարյանի տուն-թանգարանը նշում է հիմնադրման 55-ամյա հոբելյանը


Անցյալ տարի լրացավ հայ լավագույն կոմպոզիտորներից Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը, որը նրա տուն-թանգարանի տնօրենի՝ Մարինե Օթարյանի և աշխատակիցների ջանքերով ողջ տարին նշանավորեց հոբելյանական ամենատարբեր նախաձեռնություններով ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։ Իսկ այս տարի Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը նշում է հիմնադրման 55-ամյա հոբելյանը, որը հանդիսությամբ նշվեց երեկ երեկոյան Սպենդիարյանի հյուրընկալ հարկի ներքո։

Նախ բացվեց «55-ամյա թանգարանի պատմությունը լուսանկարային խճապատկերում» խորագրով ցուցահանդեսը, ապա տեղի ունեցավ «55 կադր 55-ամյա թանգարանից» խորագրով տեսաֆիլմի ցուցադրությունը, որին էլ հաջորդեց համերգ՝ փողային գործիքների համար Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործությունների փոխադրումներով։

Մինչ հոբելյանական հանդիսության մեկնարկը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում տնօրեն Մարինե Օթարյանը, ներկայացնելով թանգարանի հիմնադրման պատմությունը, նախ ընդգծեց. «Թանգարանը Հայաստանում առաջին երաժշտական հուշային թանգարանն է, առաջին տուն-թանգարանն է, որը նվիրված է երաժշտին»:

Մարինե Օթարյանը նաև ասաց, որ տուն- թանգարանի ստեղծման գործում շատ մեծ դեր են խաղացել կոմպազիտորի դուստրերը՝ հատկապես Մարինա Սպենդիարովան. «Կոմպոզիտորին նվիրված տուն-թանգարան բացելու միտքը, պրպտումները դեռևս սկիզբ են առել 1928 թվականից, երբ կոմպոզիտորը մահացավ: Ընտանիքն սկզբում ուզում էր, որ թանգարանը բացվեր հայրենիքում՝ Ղրիմում, Յալտայում, Սուդակում, մենք ունենք փաստագրական նյութեր, որոնք փաստում են, որ Մոսվկա են աղջիկները գրել և խնդրել, բայց այնպես է ստացվել այդ տարիների ընթացքը, ստալինյան ժամանակաշրջանում, ստալինյան բռնապետության ժամանակաշրջանում կոմպոզիտորի դստեր՝ Մարիա Սպենդիարովային արտաքսեցին: Եվ այդ բոլոր աշխատանքները կանգ առան: Բարեբախտաբար, Մարինան այնքան իմաստուն կին էր, որ Սպենդիարյանի արխիվը ուղարկեց Հայաստան Սպենդիարյանի աշակերտներին և ի պահ տվեց այստեղ՝ Երևանում՝ Արամ Քոչարյանի մոտ: Մինչև աքսորվելը, իհարկե, նա այդ ամեն ինչը ուղարկեց, բայց պիտի ասեմ՝ նույնիսկ աքսորում նա հոր մասին իր հիշողությունները գրում էր, և իր կյանքի, կարծեք թե, ողջ նպատակը եղել է հոր ժառանգության հանրահռչակումը և սրա մեջ թանգարանի ստեղծումը»:

Եվ ի վերջո Նալբանդյան 21 հասցեում գտնվող այն բնակարանում, որտեղ կյանքի վերջին երկու տարիներին բնակվել էր կոմպոզիտորը, 1967 թվականին բացվում է նրա տուն-թանգարանը։

«Հիմնադիր տնօրեն Վլադիլեն Բալյանի և Մարիա Սպենդիարովայի համատեղ ջանքերով ստեղծվեց այս գողտրիկ տուն-թանգարանը, որն այսօր արդեն ունի 55 տարվա պատմություն: Չմոռանանք, որ Սպենդիարյանը եկավ Ղրիմից, կյանքի վերջին չորս տարին անցկացրեց այստեղ և փաստորեն երկու տարբեր տներում էր ապրում, կյանքի վերջին երկու տարին՝ 26-28 թթ. ապրեց այս բնակարանում: Մենք չմոռանանք, որ 26 թվին Երևանը դեռ բազմաբնակարան շենքեր չուներ, սա առաջին բազմահարկ շենքերից է, և շատ հետաքրքիր պատմություն կա: Մարինան պատմում է, ասում է՝ Թամանյանը եկավ մեր տուն, փռեց սեղանին մի նոր շենքի նախագիծ, և երկուսով պտտվում էին, վերջապես Թամանյանը Սպենդիարյանը մի բնակարանի վրա խաչ դրեցին, այդ բնակարանը այն բնակարանն էր այս շենքում, որի պատուհանից երևում էր Արարատը, իսկ Արարատը Սպենդիարյանի համար Երևանում սիմվոլ էր, ասում էր՝ Արարատն ինձ փոխարինում է ծովին իր հզորությամբ. չէ՞ որ ծովի երկրում էր ծնվել և Արարատից էր ներշնչվում: Հայաստանում ինքն ամենաշատը ներշնչվում էր Արարատից և բնությամբ», - ասաց նա:

Արդեն 27 տարի Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը ղեկավարող Մարինե Օթարյանը շեշտեց, որ թանգարանի հիմնադրումից ի վեր թե թանգարանի ղեկավարները, թե աշխատակիցները անձնուրաց նվիրվել են կոմպոզիտորի ժառանգությունը պահպանելու և հանրահռչակելու իրենց առաքելությանը։

«Սա ոչ թե աշխատանք է, սա արդեն ապրելակերպ է, ինչ-որ տեղ նաև զավակի նման ստեղծած, ամեն անկյունը, ամեն մի նախաձեռնության վրա գիշերներ անցկացրած, պտտած օրեր և տարիներ են անցել: Ի վերջո, պետք է խոստովանեմ, որ, և դա բացարձակ ճշմարտություն է, այսօր ոչ միայն այս թանգարանը, այլև Հայաստանում գրեթե բոլոր թանգարանները ապրում են նվիրյալների շնորհիվ, որովհետև եթե հաշվի առնենք, որ այդ մարդիկ ինչ վարձատրություն են ունենում իրենց կատարած աշխատանքի համար, երբեք չի եղել այդ սանդղակը, ամենացածր, չասեմ չգնահատված, բայց ամեն պարագայում այսպես անտեսված է եղել, և թանգարանային աշխատողները այն մարդիկ են, որոնց մեջ ամենաբարձն է ազգային արժեքի գնահատումը», - ասաց Օթարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG