Հայաստանի վարչապետն ու արտգործնախարարը դեկտեմբերի 8-ին ընդունել են Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։
Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը Տոյվո Կլաարի հետ առանձին ունեցած հանդիպումներում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումների, ԼՂ հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև սահմանազատման գործընթացը և տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը, հայտնում են գերատեսչություններից:
Հայկական կողմը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու իր դիրքորոշմանը, նշել է Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի շարունակական սադրիչ գործողություններն ու առավելապաշտական հռետորաբանությունը բերում են անվտանգային փխրուն իրավիճակի սրման:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Պրահայում կայացած հանդիպման ձևաչափի համաձայն հետագա քննարկումների կարևորությունը:
Միրզոյանն ու Կլաարը կարևորել են Հայաստանում հոկտեմբերից գործող ԵՄ դիտորդական առաքելության դերը:
Տոյվո Կլաարն իր այցի մասին հայտնել էր թվիթերյան գրառմամբ՝ շեշտելով՝ կեսօրին «բովանդակալից հանդիպումներ» է ակնկալում։
Կլաարը նոյեմբերի վերջին այցելել էր Բաքու, հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ։ Ամփոփելով Բաքու կատարած այցը՝ ԵՄ հատուկ բանագնացը Թվիթերում գրել էր, որ Ադրբեջանից և Հայաստանից պահանջվում է զսպվածություն և ուժեղ քաղաքական կամք՝ լարվածությունը թուլացնելու և համապարփակ կարգավորման հասնելու համար։