Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամեն ինչ անում է պատերազմը շարունակելու համար, միայն թե չխոստովանի, որ պատմական սխալ է թույլ տվել, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Նա տեսակապով ելույթ է ունեցել ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթի անվան ժողովրդավարության մրցանակաբաշխությանը, ասել, որ Պուտինը թույլ է տվել իր կյանքի ու ռուսների ժամանակակից սերնդի կյանքի ամենամեծ սխալը։
Նրա խոսքերով՝ ցանկացած բռնապետի իդեա-ֆիքսը սխալների անտեսումն է և ձևացնելը, թե ոչ մի սխալ չի կատարվել։
«Հենց այդպես է հիմա իրեն պահում Ռուսաստանը։ Ակնհայտ է, որ բռնակալը պարտվել է, սակայն նա ամեն ինչ անում է, որպեսզի Ռուսաստանը շարունակի պատերազմը, միայն թե իրեն ու ուրիշներին չխոստովանի, որ պատմական սխալ է կատարվել»,- ասել է Զելենսկին, ընդգծելով, որ Ուկրաինան և ազատ աշխարհը հաստատ չեն փոխի իրենց նպատակները և իրենց արժեքների ինչ-որ զիջումների գնան։