Մատչելիության հղումներ

Ուկրաինայի բանակի օրվա կապակցությամբ Զելենսկին այցելել է Սլավյանսկ


Արդեն գրեթե մեկ տարի Ռուսաստանի հարձակմանը դիմակայող Ուկրաինայում այսօր նշում են Բանակի օրը։ Տոնի առիթով նախագահ Զելենսկին այցելել է թեժ մարտերի կենտրոնում գտնվող Դոնեցկի մարզի Սլավյանսկ քաղաք և դիմել զինվորներին։

«Այսօր մենք Դոնբասում ենք։ Մարտական գոտին ավելի ընդարձակ է դարձել, պայքարն ավելի բարդ է, իսկ գինը՝ ավելի բարձր։ Բայց կա մի բան, որ մնում է անփոփոխ, կայուն, ինչպես երկաթը՝ քո քաջությունը, տոկունությունը, կամքը, հետևաբար մեր ազատությունը. ձեր աննկունությունը, հետևաբար մեր անկախությունը. ձեր հաղթանակը, և հետևաբար մեր երախտագիտությունը դրա համար», - ասել է նա:

Զելենսկու այս ելույթից առաջ, առավոտյան Ռուսաստանի պաշտպանության նախարար Շոյգուն հայտարարել էր, թե ռուսական զորքերը վերջին շրջանում նոր բնակավայրեր են գրավել Դոնբասում․ - «Վերջերս Մայորսկ, Պավլովկա, Օպիտնոե, Անդրեևկա, Բելոգորովկա Յուժնայա և Կուրդյումովկա բնակավայրերը անցել են ռուսական զորքերի վերահսկողության տակ»։

Ռուսական ուժերի հիմնական թիրախը Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաքն է, որը նրանք փորձում են գրավել մայիսից, բայց այն դեռ ուկրաինացիների վերահսկողության տակ է։ Ընդ որում, ուկրաինական զորքերը ոչ միայն դիմակայում են ռուսներին Դոնբասում, այլև հարվածներ հասցնում Ռուսաստանի թիկունքում գտնվող տարածքներին։

Այսօր հայտնի դարձավ, որ Կուրսկի օդանավակայանի տարածքում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել նավթի պահեստավորման բաքում։ Սա երրորդն նման հարձակումն է վերջին երկու օրվա ընթացքում։ Նախօրերին էլ հարվածներ էին հասցվել Սարատովի և Ռյազանի մերձակայքում գտնվող օդանավակայաններին։

Ընդ որում, եթե Կուրսկի մարզը սահմանակից է Ուկրաինային, Ռյազանն ու Սարատովը բավականին հեռու են սահմանից։ Ավելին՝ Սարատովի մոտ գտնվող Էնգելսի օդանավակայանը ռուսական հեռահար ավիացիայի գլխավոր օպերատիվ բազան է երկրի արևմուտքում։ Այդ բազայի ինքնաթիռները Ռուսաստանի միջուկային վահանի մաս են կազմում և արդեն օգտագործվել են Ուկրաինայի դեմ ոչ միջուկային թևավոր հրթիռներով հարվածների համար։

Մինչ ուկրաինական անօդաչուները խորը թիկունքում ռազմական օդանավեր են խոցում, ռուսական ուժերը հրթիռակոծում են ուկրաինական բնակավայրերը։ Երեկ 70-ից ավելի հրթիռ է արձակվել ուկրաինական թիրախների ուղղությամբ։ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը պնդում է, որ իրենց հաջողվել է խոցել ավելի քան 60 հրթիռ։

Հակաօդային պաշտպանությանը երեկվա իր տեսաուղերձում անդրադարձել է նախագահ Զելենսկին՝ շնորհակալություն հայտնելով հրամանատարությանն ու զինվորներին, ինչպես նաև ՀՕՊ համակարգեր տրամադրած արևմտյան գործընկերներին. - «Յուրաքանչյուր խոցված ռուսական հրթիռ կոնկրետ ապացույց է այն բանի, որ ահաբեկչությունը կարելի է հաղթել. Բայց, ցավոք, մենք դեռ չենք կարող ապահովել մեր երկնքի ամբողջական անվտանգությունը. մի քանի հարվածներ եղել են։ Ցավոք, կան տուժածներ։ Այսօրվա դրությամբ ռուսական վերջին հարվածների հետևանքով զոհվել է չորս մարդ»։

Երեկվա զանգվածային հրթիռակոծության հետևանքով Ուկրաինայի տարածքում դարձյալ վթարային անջատումներ են։ ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆանի Թրեմբլեյը հայտնել է, թե հրթիռային հարվածների հերթական ալիքը միլիոնավոր մարդկանց թողել է առանց էլեկտրականության, ջեռուցման և ջրի Ուկրաինայի հյուսիսում, կենտրոնում և հարավում, ինչպես նաև մայրաքաղաք Կիևում. - «Խաթարվել է ջրամատակարարումը Օդեսայում , տուժել է նաև Դնեպրի և Օդեսայի ջեռուցման համակարգը։ Կիևի շրջանի 40 տոկոսը մնացել է առանց էլեկտրականության»:

ՄԱԿ-ի վերջին տվյալներով, ռուսական ագրեսիայի հետևանքով Ուկրաինայում 6702 խաղաղ բնակիչ է զոհվել, նրանց թվում՝ 424 երեխա։ ՄԱԿ-ը նաև պարզաբանում է, որ զոհերի թիվն ավելի մեծ է, իրենք միայն փաստագրված և հաստատված զոհերի տվյալներն են փոխանցում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG