Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերը կեղծ են, հայտնում է Արցախի ազգային անվտանգության ծառայությունը:
«Այսօր զանգվածային լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով տարածվել է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավար Անդրեյ Վոլկովի հարցազրույցը, որի հիման վրա հետևություն է արվել, որ Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում տեղադրվելու է ադրբեջանական հետակետ, - ասված է հաղորդագրությունում:
Ստեփանակերտը հայտնում է, որ հարցի շուրջ քննարկում է կազմակերպվել Ա. Վոլկովի հետ, որի ընթացքում «վերջինս հայտարարել է, որ միջանցքում հենակետ չի լինելու, այն ադրբեջանցիների կողմից չի վերահսկվելու և միջանցքում՝ խաղաղապահների տեղակայման վայրերում ադրբեջանցիներ չեն լինելու»
Ըստ Արցախի ԱԱԾ-ի, Վոլկովի պնդմամբ՝ ընդամենը նախատեսվում է տեղադրել տեխնիկական վերահսկման սարքեր՝ խաղաղապահների աշխատանքը հեշտացնելու համար:
Գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը Ադրբեջանի հանրային հեռուստատեսությամբ այսօր հեռարձակված հարցազրույցում հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհի վրա մինի մաքսակետ կտեղադրվի՝ հագեցած հատուկ սարքավորումներով»: Նա նշել է, որ նման պայմանավորվածություն ձեռք է բերվել ռուսական և ադրբեջանական կողմերի բանակցությունների արդյունքում։