Մատչելիության հղումներ

Երեկ ծեծկռտուք սադրած ազերիներն այսօր վերադառնալիս «խելոք անցել են, չեն էլ նայել դեպի մեզ». Գետավանի համայնքապետ


Գետավանի համայնքի ղեկավար Արարատ Զաքարյան
Գետավանի համայնքի ղեկավար Արարատ Զաքարյան

Երեկ Գետավանով կռվով անցած ադրբեջանցիները պետք է երեկոյան հետ վերադառնային, բայց գերադասել են մթով ճամփա դուրս չգալ։ «Էսօր արդեն անցել են՝ խելոք։ Էսօր չեն էլ նայել դեպի մեզ», - փոխանցում է Գետավան համայնքի ղեկավարը։

Արցախի Գետավան գյուղով դեպի Քելբաջար գնացող ադրբեջանական շարասյան մեքենաներից մեկի չորս ուղևորները ծեծկռտուք են հրահրել մի քանի հայ երիտասարդների հետ, հաղորդում են Արցախից։

«Ասել են՝ մեր հողն ա, որտեղ ուզենք, կարանք քայլենք, ու մոտիկացել են, էդ մեր երեխաներից մեկին չափալախել են։ էդտեղից ա սկսվել», - «Սզատությանը» հեռախոսով փոխանցեց Գետավանի համայնքապետ Արարատ Զաքարյանը։

Նրա խոսքով, այդ ապտակին հաջորդել է ծեծկռտուքը հայերի ու ադրբեջանցիների միջև։ Հայ երիտասարդներին միացել են նրանց հարազատները, գետավանցիները, իսկ ադրբեջանցիներին՝ շարասյան բեռնատարների վարորդները։

Արարատ Զաքարյանն ասաց, որ հայ երիտասարդները թեթև վնասվածքներ ունեն, տանն են. - «Բուժվում են, նորմալ ա, առաջին օգնություն են ստացել, նորմալ վիճակում են»։

Երիտասարդներից մեկը Վաղուհաս, երկուսը Հարությունագոմեր գյուղերից են եղել։ Պատմեցին, որ ադրբեջանական շարասյան մեջ մի մարդատար մեքենա երկրորդ գծում էր՝ ճանապարհը փակած. - «Մենք ասեցինք՝ ճանապարհ տվեք, նստեք ձեր ավտոները ու գնացեք։ Իրանք էլ քաշքշելով, թե բա չէ... ագրեսիվնի էին տրամադրված։ Տենց էլ կռիվը էղավ»։

Արցախի ներքին գործերի նախարարությունը, ներկայացնելով միջադեպի մանրամասները, նաև լուսանկարներ է տարածել, որոնցում հայերի քերծվացքներն են, պատռված հագուստը։

«Ըստ նախնական տեղեկությունների՝ քաղաքացիական հագուստով անձինք Ադրբեջանի զինված ուժերի և ռազմական ոստիկանության ծառայողներ են, այնինչ, ռուս խաղաղապահների միջնորդությամբ և ուղեկցությամբ նշված երթուղու պարբերաբար կիրառումը պետք է ունենար միայն հումանիտար նպատակներ», - նշված է հաղորդագրության մեջ:

Թե ադրբեջանցիներն ինչ վնասվածքներ ունեն, հայկական կողմը տեղեկություն չունի, իսկ ադրբեջանական պաշտոնական աղբյուրները չեն տեղեկացնում։ Հայտնի միայն այն, որ նրանց «Ժիգուլին» վնասվել է։

Ադրբեջանցիները շաբաթական երեք օր անցնում են հայկական Գետավանով, բեռներ են տանում դեպի ադրբեջանական դարձած Քելբաջար՝ ռուս խաղաղապահների ուղեկացությամբ։

«Զինվորներին էլ են ջուր տանում, շինարարություն են անում, շինմատերիալ են տանում, դոմիկներ են տանում, տրակտորներ են տանում, էն հանքերն են աշխատցնում... ամեն ինչ էլ անում են։ Մեր սարքածը վայելում են...» - ասում է Արարատ Զաքարյանը։

Միջադեպեր մինչև այս էլ եղել են, հավելեց նա. վնասել են գյուղի հոսանքի տրասնֆորմատորը, գյուղը հոսանքնազրկվել է, բնակիչների էլեկտրական սարքավորումներն են փչացրել։ «Եթե դիտավորյալ չլիներ, վնասը կվերականգնեին»,- ասում է Զաքարյանը. - «Վնասը տվել ու քշել-գնացել են... Եթե վնասը տվել էին, թող տրանսֆորմատոր ա, պայթել ա, տուտժե զանգեին, ասեին՝ մի հատ արագ տրանսֆորմատոր բերեք, բա գյուղը կմնա առանց լույս։ Էտի կլիներ մարդկային ձև, մարդկային որակ»։

Գեղամ Ստեփանյան
Գեղամ Ստեփանյան

Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը խաղաղ բնակավայրում ծավալված այս միջադեպը համարում է ադրբեջանական ատելության քաղաքականության հերթական դրսևորում. - «Դրանք ուղղված են ահաբեկելու Արցախի ժողովրդին, տարբեր նման սադրանքներով վախեցնելու ժողովրդին, ճնշում գործադրելու ժողովրդի վրա և հասցնելու մարդկանց այն իրավիճակին, որ մարդիկ հիասթափված ուղղակի թողնեն ու լքեն Արցախի տարածքը»։

Ստեփանյանը շեշտում է՝ ադրբեջանական իշխանություններին դուր չի գալիս այն, որ պատերազմից հետո Արցախում շուրջ 120 հազար մարդ է ապրում։
Գորիս - Ստեփանակերտ ճանապարհի փակումը, ամենօրյա կրակոցները սահմանային գյուղերում ապրողների, դաշտում աշխատողների ուղղությամբ՝ այս ամենը արցախցիներին իրենց հայրենիքից, տնից դուրս հանելու համար է։

Պաշտպանը վստահ է, որ Բաքվի խաղաղության մասին խոսքերը միայն խոսքեր են. - «Գործը այլ է, իսկ խոսքերը լրիվությամբ այլ են։ Եվ պետք չէ տրվել ադրբեջանական խոստումներին, այլ պետք է նայել, թե իրականում ինչպիսի քաղաքականություն է հետապնդում, ինչպիսի քաղաքականություն է իրականացնում ադրբեջանական կողմը»։

Երեկ Գետավանով կռվով անցած ադրբեջանցիները պետք է երեկոյան հետ վերադառնային, բայց գերադասել են մթով ճամփա դուրս չգալ։ Համայնքի ղեկավարն ասաց. - «Էսօր արդեն անցել են՝ խելոք։ Էսօր չեն էլ նայել դեպի մեզ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG