Մատչելիության հղումներ

Գետավանի տարածքում ադրբեջանցիները սադրել են հայ երիտասարդներին, վեճ է ծագել. Արցախի ոստիկանություն


Ադրբեջանցիները կիրակի սադրանքի են դիմել Մատաղիս-Քարվաճառ երթուղու Գետավան համայնքի տարածքում, հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը:

Ըստ կառույցի հաղորդագրության՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Մատաղիս-Քարվաճառ երթուղով ադրբեջանական բեռնատարների շարասյան մեջ եղել է մեկ մարդատար ավտոմեքենա` քաղաքացիական հագուստով 4 ադրբեջանցիներով։

«Տեխնիկական պատճառներով շարասյունը կանգ է առել Մարտակերտի շրջանի Գետավան համայնքում, որից հետո մարդատար մեքենայի ադրբեջանցիները դուրս են եկել մեքենայից և սկսել սանձարձակ ու սադրիչ վարք դրսևորել տեղում գտնվող հայ երիտասարդների նկատմամբ», - փոխանցում է ոստիկանությունը։

Արդյունքում վիճաբանություն է ծագել, որի ընթացքում ադրբեջանցիներին միացել են նաև բեռնատար մեքենաների վարորդները և բռնություն գործադրել հայ երիտասարդների նկատմամբ, ապա նույն տեղանք են ներկայացել երիտասարդների հարազատները, որի ընթացքում կողմերը քաշքշել են միմյանց։

Միջադեպի մասնակիցները ստացել են թեթև մարմնական վնասվածքներ։ Վնասվել է նաև ադրբեջանական մարդատար ավտոմեքենան, հավելում են Արցախից:

«Ըստ նախնական տեղեկությունների՝ քաղաքացիական հագուստով անձինք Ադրբեջանի զինված ուժերի և ռազմական ոստիկանության ծառայողներ են, այնինչ, ռուս խաղաղապահների միջնորդությամբ և ուղեկցությամբ նշված երթուղու պարբերաբար կիրառումը պետք է ունենար միայն հումանիտար նպատակներ», - նշված է հաղորդագրության մեջ:

Միջադեպի մասին տեղեկացված է նաև ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը։

Ադրբեջանական կողմը դեռևս հաղորդագրությամբ հանդես չի եկել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG