Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպանը Հայաստանի դեմ նամակ է հղել կազմակերպության գլխավոր քարտուղարին


ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպան Յաշար Ալիև, արխիվ
ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպան Յաշար Ալիև, արխիվ

ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպանը Հայաստանի դեմ նամակ է հղել կազմակերպության գլխավոր քարտուղարին, պնդելով, թե հայկական ուժերը շարունակում են ականներ տեղադրել Ադրբեջանի տարածքում:

«Հայաստանը պետք է դադարեցնի ականային ահաբեկչությունը, փոխհատուցում տրամադրի և համապատասխան երաշխիքներ ու հավաստիացումներ տա, որ նման բան չի կրկնվի», - ասված է նամակում:

Փաստաթուղթը պնդում է, թե ադրբեջանական կողմը ականներ է հայտնաբերել նաև այս տարվա օգոստոսին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լաչինի շրջանի երկու գյուղերում:

«Հայաստանն այնտեղ ականային թակարդներ էր տեղադրել` իր զորքերն ու ապօրինի բնակիչների հանելիս` մեկ նպատակով` վնասել վերադարձող ադրբեջանական խաղաղ բնակչությանը», - ասված է նամակում:

Պաշտոնական Երևանը հերքում է այս մեղադրանքները: Օրեր առաջ «Ազատությանը» տված հարցազրույցում Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը պնդել էր, թե Բաքվի կողմից ի ցույց դրվող ականները իրականում հայտնաբերվել են ոչ թե Ադրբեջանի, այլ` Հայաստանի տարածքում, որոնք Ադրբեջանն օկուպացրել է սեպտեմբերյան հարձակումից հետո:

«Իրականությունը հետևյալն է՝ Ադրբեջանը Հայաստանից օկուպացված շուրջ 140 կմ տարածքներից Հայաստանի Հանրապետության տեղադրած հետևակային ականները հանել է, տեղափոխել է նշված բարձունք, որը իրենց լեզվով ասում են Սարիբաբա, և այնտեղ ուզում են ցույց տալ, որ «տեսեք, Լաչինի միջանցքն օգտագործվել է ռազմամթերք տեղափոխելու համար», - ասել էր Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպանը, ընդգծելով` Ադրբեջանը փորձում է հիմքեր ստեղծել Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG