Վաշինգտոնը հույս ունի, որ հայ - ադրբեջանական երկխոսությունը կշարունակվի. նախօրեին կայացած ճեպազրույցում հայտարարել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
«Միացյալ Նահանգները աշխատում է կողմերի հետ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագա հաստատելու ուղղությամբ։ Պետքարտուղարն արդեն երկու եռակողմ հանդիպում է կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Նա նաև հեռախոսով է կապը պահում կողմերի հետ։ Վերջին անգամ արտգործնախարարները համաձայնեցին թափ հաղորդել բանակցություններին՝ հաջորդող շաբաթների ընթացքում ևս մեկ անգամ հանդիպել։ Մենք հույս ունենք, որ երկու երկրների միջև երկխոսությունն ու կառուցողական մթնոլորտը կշարունակվի, ինչպես մենք կշարունակենք աջակցել դիվանագիտությանը, որը տանում է դեպի խաղաղություն և երկու երկրների միջև խնդիրների լուծմանը»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։
Նախարարների նոր հանդիպման մասին, սակայն, որևէ տեղեկություն չկա։ Ավելին՝ օրերս Լեհաստանում ԵԱՀԿ համաժողովին մասնակցող Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը հանդիպում չունեցան։
Ադրբեջանական կողմն էլ ավելի վաղ չեղարկել էր ղեկավարների մակարդակով՝ դեկտեմբերի 7-ին՝ Բրյուսելում նախատեսված բանակցությունը։