Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի կոնգրեսում առաջարկում են «Վագներ» ընկերությունը ճանաչել օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն


ԱՄՆ-ի կոնգրեսում օրինագիծ է դրվել շրջանառության մեջ, որով Պետդեպարտամենտին առաջարկվում է ռուսական «Վագներ» ռազմականացված մասնավոր ընկերությունը ճանաչել օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն: Օրինագծի հեղինակները դեմոկրատ սենատոր Բեն Քարդինն է և հանրապետական սենատոր Ռոջեր Ուոքերը։ Նրանք անդամակցում են Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովին, Քարդինը այդ հանձնաժողովի նախագահ է։

Սենատոր Քարդինն ասել է, որ արժանահավատ տեղեկություններով «Վագներ» ընկերությունը կապ ունի Ուկրաինայում բազմաթիվ վայրագությունների հետ, ինչպես նաև Սիրիայում և Աֆրիկայում։ «ԱՄՆ-ը պետք է այդ ստվերային բանակը կոչի այնպես, ինչպես այն կա՝ օտարերկրյա ահաբեկչական խմբավորում։ Մենք պետք է նրանց պատասխանատվության ենթարկենք բոլոր աջակիցների հետ մասին», - հայտարարել է Քարդինը։

Սենատոր Ուոքերի կայքում տեղադրված հայտարարությունում նշված է, որ «Վագները» Վլադիմիր Պուտինի անձնական վարձկաններ են, որոնք 2014 թվականից սկսած ահաբեկչական գործողություններ են իրականացրել Ուկրաինայում, Մալիում, Սուդանում և Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում։

Երկու կուսակցությունները ներկայացնող կոնգրեսականները ևս Ներկայացուցիչների տանը նմանատիպ օրինագծ են պատրաստում։

Կոնգրեսական Ռիչարդ Հուդսոնն ասել է, որ «Վագներ» խումբը սպառնալիք է Միացյալ Նահանգների, նրա դաշնակցիների անվտանգությանը։ «Այդ վարձկանների խմբին արտասահմանյան ահաբեկչական խմբավորում ճանաչելը ուժեղ մեսիջ կլինի Ռուսաստանում գտնվողների ու բոլոր նրանց, ովքեր փորձում են վնաս հասցնել աշխարհին», -ասել է կոնգերսականը՝ նշելով, որ Պուտինի սանձազերծած պատերազմի մեղավորները և ուրիշ վայրում վայրագությունների հեղինակները պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Ավելի վաղ «Բլումբերգը» գրել էր, թե նախագահ Բայդենի վարչակազմը քննարկում է «Վագները» ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու հարցը: Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հրաժարվել էր մեկնաբանություն տալ։ «Վագներ» ընկերությունն ու նրա հիմնադիր գործարար Եվգենի Պրիգոժինը ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Եվրամիության պատժամիջոցների տակ են, բայց շարունակում են ուժ և ազդեցություն հավաքել», - գրել էր «Բլումբերգը»։

Եթե «Վագները» ահաբեկչական կազմակերպություն ճանաչվի, թվում է դա նրանց համար նշանակություն չի ունենա, քանի որ նրանք գործում են այնպիսի երկրներում, որոնց ռեժիմները չեն համագործակցում Միացյալ Նահանգների հետ։

Սակայն ահաբեկչական կազմակերպություն ճանաչվելու դեպքում, դա ԱՄՆ-ին թույլ կտա քրեական հետապնդումներ իրականացնել նրանց անդամների նկատմամբ, հետևել նրանց բանկային ակտիվներին, պատասխանատվության ենթարկել նրանց հետ կապ ունեցող ցանկացած անձի։

Առաջին անգամ «Վագների» վարձկանները Լուգանսկում ու Դոնեցկում հայտնվել են 2014 թվականին, երբ Ուկրաինայի արևելքում սկսվեց հակամարտությունը։ Վլադիմիր Պուտինին մերձավոր համարվող Եվգենի Պրիգոժինը երկար ժամանակ հերքում էր իր առնչությունը այդ ռազմականացված կազմակերպության հետ, բայց այս տարի ռուսական ուժերի՝ Ուկրաինա ներխուժելուց կես տարի անց խոստովանեց, որ ինքն է հիմնադրել այդ կազմակերպությունը։

XS
SM
MD
LG