Մատչելիության հղումներ

Հայաստանը վերականգնում է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ


Հայաստանը վերականգնում է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, այս մասին պայմանավորվել են 2 երկրների արտգործնախարարները Լեհաստանում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ունեցած հանդիպման ընթացքում։

«Հանդիպման ժամանակ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ 2012 թվականի օգոստոսին տեղի ունեցած Ռամիլ Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը անփոփոխ է, սակայն պետք է առաջ շարժվել։ Միաժամանակ, նախարարը բարձր է գնահատել անցած դեկտեմբերին հունգարական միջնորդությամբ հինգ հայ ռազմագերիների հայրենադարձումը, անցած տարիների ընթացքում Հունգարիայի կառավարության ցուցաբերած աջակցությունը Հայ առաքելական եկեղեցուն, ինչպես նաև քովիդի համավարակի դեմ պայքարում», - ասաց ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

Համտեղ հայտարարությամբ Երևանն ու Բուդապեշտը մտադիր են հայ-հունգարական հարաբերություններում նոր էջը սկսել «հիմնվելով վստահության և միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի վրա»։

Հարաբերությունները վերականգնելու պայմանավորվածությունից հետո հաջորդ քայլը կլինի ոչ ռեզիդենտ դեսպանների նշանակումը, ինչի գործընթացը շուտով կմեկնարկի։

Հայաստանը Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները սառեցրել էր 2012 թվականին, երբ այդ երկիրը Ադրբեջանին արտահանձնեց 2004-ին Հունգարիայում հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովին, որն Ադրբեջան վերադառնալուց անմիջապես հետո հայտնվեց ազատության մեջ և պետական պարգևների արժանացավ։ Հայասանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը Հունգարիայի քայլն անվանել էր աններելի։

«Իրենց այս համատեղ գործողություններով Հունգարիայի և Ադրբեջանի իշխանությունները դուռ բացեցին նման հանցագործությունների կրկնության համար: Այս որոշմամբ նրանք ուղերձ են տալիս մարդասպաններին, նրանք այսուհետև գիտեն, որ էթնիկ կամ կրոնական ատելության հողի վրա կատարված սպանությունը կարող է անպատիժ մնալ: Ես դա հանդուրժել չեմ կարող, Հայաստանի Հանրապետությունը դա հանդուրժել չի կարող», - հայտարարել է Սարգսյանը:

Ավելի ուշ՝ 2013-ին արդեն Երևանը հայտարարում էր, որ պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հունգարիայի հետ, եթե Բուդապեշտն ինքը քայլեր ձեռնարկի: Ի՞նչ քայլեր է ձեռնարկել Բուդապեշտը դիվանագիտական հարաբերությունների խզումից գրեթե 10 տարի անց։ Իշխող «Քաղաքացիական պայմանագրում» այս հարցի պատասխանը որևէ մեկը չուներ, ասում էին՝ զարգացումների մանրամասներին տեղյակ չեն։

Մինչ այդ հայտնի է, որ Բուդապեշտի ու Երևանի հարաբերություններում սառույցն արդեն սկսել էր հալվել վերջին 2 տարիներին։ Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին Հունգարիայի կառավարության միջնորդությամբ 5 հայ ռազմագերի էր վերադարձել տուն, նրանց ուղեկցել էր այդ երկրի արտաքին գործերի պետքարտուղար Պետեր Շտարայը, իսկ Հայաստանի արտգործնախարարությունը բարձր էր գնահատել հունգարական իշխանությունների մարդասիրական քայլը։

Բացի այդ Հունգարիան քովիդի համավարակի ընթացքում Հայաստանին 100 հազար դեղաչափ պատվաստանյութ էր տրամադրել։ Իսկ այս տարվա փետրվարին այդ երկրից հայաստան պատվիրակություն էր եկել, որ այցելել էր Երևանում Գուրգեն Մարգարյանի անվան դպրոց, այնտեղ հուշագիր էր ստորագրել Բուդապեշտի հիմնական էկումենիկ դպրոցներից մեկի հետ: Հունգարացիներն ասել էին, որ իրենց դպրոցականները սովորելու են այլատյացության հողի վրա հայ սպայի դեմ կատարված ոճրագործության մասին, ինչն իր հերթին կնպաստի այդպիսի հանցագործությունների կանխարգելմանն ու դատապարտմանը:

Քաղաքական մեկնաբան Արմեն Վարդանյանի խոսքով՝ սովորաբար հենց նման քայլերով են երկրներն ազդակ տալիս, որ ցանկանում են վերականգնել խզված հարաբերությունները։

«Կարծում եմ՝ շատ ավելի լավ կլիներ, եթե ոչ ներողության տեքստ, այլ գոնե զղջման ինչ-որ արտահայտություններ լինեին Հունգարիայի կողմից, բայց նաև՝ այո, այդ 5 զինծառայողների վերադարձը Հունգարիայի միջոցով նույնպես կարելի է դիտարկել որպես ժեստ: Ճիշտ ժամանակն էր, կարծում եմ, որ հարաբերությունները վերականգնվեն մանավանդ, որ Հունգարիան Եվրամիության անդամ է», - ասաց Քաղաքական մեկնաբանը:

Այս տարվա փետրվարին հունգարական կողմի նախաձեռնությամբ Մարգարյանի անվան դպրոցի հետ հուշագրի կնքման հաջորդ օրը «Արմենպրես»-ին հարցազրույց էր տվել Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեմյենը՝ հույս հայտնելով, որ դիվանագիտական հարաբերությունները կվերականգնվեն, իսկ գործընթացը, ըստ Շեմյենի, մեկնարկել էր 2021 թվականի ընթացքում:

Երևանում դեռ փետրվարին էին մեկնաբանները կարծիք հայտնում, որ ակնհայտ է՝ Բուդապեշտն ու Երևանը գնում են հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ, դա, սակայն, տեղի ունեցավ մոտ 9 ամիս անց։

XS
SM
MD
LG