Մատչելիության հղումներ

Արցախի անվտանգության մասին նախագիծը չընդունվեց. իշխող ուժը չմասնակցեց քվեարկությանը


Արցախի ու Հայաստանի անվտանգության մասին ընդդիմության նախագիծը չընդունվեց։ իշխող ուժը չմասնակցեց քվեարկությանը: Թեև իշխանականները համաձայնել էին արտահերթ նիստում ընդդիմության հայտարարությունը քննարկել, բայց դեմ էին, որ այն ընդունվի։

«Հայտարարության մեջ բովանդակային կային մի շարք կերետ, որոնք մեզ համար սկզբունքորեն ընդունելի են, և, ցավոք սրտի, դուք չընդունեցիք մեր առաջարկները, ելնելով սրանից, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցի այս հայտարարության քվեարկությանը», - հայտարարեց Հայկ Կոնջորյանը:

Ընդդիմադիր խմբակցություններն առաջարկում էին՝ Հայաստանի խորհրդարանը հայտարարություն ընդունի, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Արցախի հարցը պետք է լուծվի ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքով առանց սահմանափակումների։

«Հարմար առիթ է մեր հանրությանը, մեր թշնամիներին, մեր ռազմավարական գործընկեր բարեկամներին և ընդհանրապես միջազգային հանրությանը ցույց տալ, որ մենք ունենք հստակ կարմիր գծեր մեր անվտանգային համակարգի հետ կապված», - հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

Ընդդիմությունն առաջարկում է այսպիսով պատասխանել Ադրբեջանի խորհրդարանի հայտարարությանը, որն ընդունվել էր անցած ամիս։ Ընդդիմության գնահատմամբ՝ դրանով Միլի մեջլիսը արդարացրել է 44-օրյա պատերազմի հանցագործություններն ու Հայաստանի և Արցախի դեմ նոր սպառնալիքներ հնչեցրել։ Եթե խորհրդարանը հայտարարություն չընդունի, նշանակում է վախենում է, հայտարարեց Անդրանիկ Թևանյանը։

«Լռությունը կնշանակի լավագույն դեպքում վախի նշան, իսկ վատագույն դեպքում՝ համաձայնության նշան», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Ինչո՞ւ իշխանությունը չցանկացավ ընդունել այս հայտարարությունը, ինչի՞ն են դեմ։ Արտաքին հարցերի հանձնաժողովի իշխանական ղեկավար Էդուարդ Աղաջանյանը չմանրամասնեց, թե ինչը իրենց սրտով չէ։ Ընդհանուր նշեց, թե նախագծում առաջարկված ձևակերպումները նախապատերազմյան արտաքին քաղաքականության կրկնությունն են։

«Մեր գնահատականն այն է, որ 30 տարի շարունակվող արտաքին քաղաքականության արդյունքն ու հետևանքն այն ստատուս քվոն է, որն արձանագրված է այսօր», - ասաց Աղաջանյանը:

Փակագծերը բացեց ընդդիմադիր պատգամավորը՝ իշխող ուժը դեմ է, որ ներառեն Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի հանրապետություն ձևակերպումը։ «Քաղաքացիական պայմանագիրը», ըստ Թևանյանի, ջնջել է հանրապետություն բառը։

«Մեր մոտ, օրինակ, գրված է՝ պատմական տարածքում ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ հարձակում Ադրբեջանի կողմից, իրենք առաջարկում էին դա գրել՝ Լեռնային Ղարաբաղի հայության վրա հարձակում, որը նշանակում է, որ Ղարաբաղի հայ ժողովուրդը դիտարկվում է որպես Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնություն», - ընդգծեց Անդրանիկ Թևանյանը:

Իշխող խմբակցությունը դեմ է ինքնորոշման իրավունքի սկզբունքի ձևակերպմանը։ Մինչդեռ այս սկզբունքը նախկինում, նույնիսկ պատերազմից հետո պնդում էին նաև Փաշինյանի թիմակիցները։

«Հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող է ընդամենը ամիսներ առաջ այդ հռետորաբանությունը օգտագործող քաղաքական ուժը հրաժարվի այս սկզբունքային հարցադրումներից», - ասաց Արծվիկ Մինասյանը:

Ըստ իշխող ուժի՝ ընդդիմության ձևակերպումներով Հայաստանի շուրջ միջազգային դիվանագիտական կոնսոլիդացիան ընկալելի չէ, ռիկսային է. - «Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ «Հայաստան» խմբակցության կողմից առաջարկվող տերմինաբանությունը առաջացնում է ավելի շատ ռիսկեր, քան նպաստում է Հայաստանի Հանրապետության խաղաղության օրակարգի առաջխաղացմանը»:

Նախագծում նշվում էր, որ Ադրբեջանը պետք է Հայաստանի ինքնիշխան տարածքից հետ քաշի զինված ուժերը 2021-ի մայիսի 12-ից առաջ զբաղեցրած դիրքեր, վերադարձնի հայ ռազմագերիներին և զոհված զինծառայողների մարմինները։ Իշխանությունը նախագծի որոշ կետերի հետ համաձայն է եղել, իր ներկայացրած առաջարկների մի մասն էլ ընդդիմության համար է ընդունելի եղել։ Բայց սկզբունքային հարցերի շուրջ համաձայնության չեն եկել։

«Ոչ թե Արցախի կարգավիճակից պետք է բխեցնենք Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը, այլ հակառակը՝ Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման հրամայականն է առաջինը, որից պետք է բխեցվի հնարավոր կարգավիճակը: Սա ևս մեկ պատճառ, թե ինչու մենք որոշ կետերի հետ խնդիր ունենք, այսքան բան», - նշեց Ռուբեն Ռուբինյանը:

Այս քննարկումն էլ նախկինների պես ընթացավ Արցախի խնդրի կարգավորման հարցում փոխադարձ մեղադրանքներով։ Արցախի մասին, ընդդիմությունը ամիսներ առաջ էլ էր առաջարկում հայտարարություն ընդունել, իշխանությունը անգամ նիստին չմասնակցեց ու այն տապալվեց։ Դրանից հետո ընդդիմադիր երկու խմբակցությունները մի քանի ամսով հեռացան Ազգային ժողովից ու շարունակեցին փողոցային պայքար սկսեցին վարչապետի հրաժարականի պահանջով։ Խորհրդարան վերադարձան անցած ամիս։

XS
SM
MD
LG