Լեհաստանի Լոձ քաղաքում մեկնարկում է ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովը:
Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ հայկական պատվիրակությունը գլխավորող Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին ողջունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն:
Նախքան համաժողովը Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Լոձում։ Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտգործնախարարը քննարկել է Էստոնիայի իր գործընկերոջ հետ։
Արարատ Միրզոյանն Ուրմաս Ռեինսալունին է ներկայացրել Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության հաստատման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները՝ նաև կարևորելով Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը, որը, ըստ ԱԳ նախարարի, իր նպաստն է բերում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը:
ԵԱՀԿ հանդիպմանը մասնակցելու համար Լոձ է մեկնել նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
Ադրբեջանական APA գործակալությունն այսօր հայտնել է, որ ԵԱՀԿ արտգործնախարարների նիստի շրջանակում, Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կհանդիպի Միրզոյանի և Բայրամովի հետ։ Հայտնի չէ՝ հանդիպումը եռակո՞ղմ ձևաչափով կլինի, թե՞ Եվրամիության ղեկավար պաշտոնյան նախարարների հետ առանձին-առանձին կհանդիպի։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵԱՀԿ ԱԳ նախարարների նիստի շրջանակում Միրզոյան-Բայրամով հանդիպում ծրագրված չէ։