Մատչելիության հղումներ

Ընդհանրական հարց բարձրացնել, որ Հայաստանում կեղծ դեղեր կան, ակտուալ չէ. առողջապահության նախարար


2023 թվականից Առողջապահության նախարարությունը պլանավորում է ունենալ մեկ միասնական համակարգ, որը թափանցիկ կդարձնի, թե ինչպես են գոյանում հերթերը բժշկական կենտրոններում, և ինչպես են սպասարկվում այդ հերթերը, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում ասաց ոլորտի պատասխանատու Անահիտ Ավանեսյանը:

Նախարարի հետ ասուլիսից հատվածներ՝ ստորև.

2023 թվականից Առողջապահության նախարարությունը պլանավորում է ունենալ մեկ միասնական համակարգ, որը թափանցիկ կդարձնի, թե ինչպես են գոյանում հերթերը բժշկական կենտրոններում, և ինչպես են սպասարկվում այդ հերթերը, որպեսզի հնարավոր չլինի հերթագրված անձանց չսպասարկելով այլ մարդկանց ընդգրկել հետազոտությունների համար, ասաց առողջապահության նախարարը: Օգտատերերից մեկը Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվել էր, որ արդյոք չեն մտածում փոխել հերթագրման համակարգը, քանի որ օրինակ՝ ԿՏ-ի հետ կապված հերթագրումը ամիսներ է տևում, իսկ երբ տվյալ քաղաքացու հերթն է գալիս, պետպատվերի բյուջեն սպառված է լինում:

Նախարարը համաձայնեց, որ սա լուրջ խնդիր է, վստահություն հայտնեց, որ հաջորդ տարի սա շատ արդեն համակարգված կլինի:

«Հերթական համակարգն էլ երբ լինի միասնական, հնարավոր չի լինի դրա մեջ ուղղումներ անել», - նշեց նա:

Ինչ վերաբերում է մեկ այլ խնդրի՝ հին գործիքներով պետպատվերի շրջանակներում բուժում իրականացնելուն, նախարարն ասաց. «Մենք տեխնոլոգիական թարմացման վերջին տարիներին մեծ ընթացք ենք ապրել և պլանավորում ենք երկու տարվա ընթացքում համալրել ամբողոջվին»:

Նա օրինակ բերեց ուռուցքաբանության կենտրոնը՝ նշելով, որ սա անընդհատ գործընթաց է. «Այս պահին պետական պատվերի շրջանակներում, թե նաև վճարովի հիմունքներով սպասարկման բավական լայն սպեկտր ենք արդեն կարողանում ծառայությունների տրամադրել, բայց տարեցտարի, հենց նույն ճառագայթային բժշկական օգնության մասով մեր սարքավորումները թարմանալու և ավելի նորագույնն են կիրառվելու»:

Կեղծ դեղերի խնդիրը

«Մենք պետք է շատ հավասարակշռված քաղաքականություն տանենք, որովհետև մի կողմից խստացնելով դեղերի շրջանառությունը Հայաստանում՝ մենք կարող ենք հանգել լուրջ դեֆիցիտների, մյուս կողմից էլ միանշանակ որակը մեզ համար այնպիսի չափանիշ է, որտեղ սակարկելու տեղ չունենք: Այս առումով վերջին երկու տարիներին բավական փոփոխություններ են իրականացվել, մի կողմից դեղերի մակնշնման և հետագծելիությունը ներմուծման պահից, ավելի ճիշտ արտադրության պահից մինչև սպառողին հասցնելը շատ ավելի թափանցիկ ու վերահսկելի է, և տեսչական մարմինների համար ավելի հեշտ է դարձել հայտնաբերել որևէ խախտմամբ հայտնված դեղը, բայց մյուս կողմից էլ մենք հեշտացրել ենք և օրինականացրել ենք քաղաքացիների կողմից իրենց կարիքը բավարարելու համար սահմանափակ թվով ու անվանացանկով դեղեր ստանալ արտերկրից», - շեշտեց Անահիտ Ավանեսյանը:

Ինչ վերաբերում է կեղծ դեղերին, նա նկատեց՝ ամբողջ աշխարհում դա մտահոգության տեղիք է տալիս, իրենց քաղաքականությունն ուղղված է մինիմալիզացնելու նման ռիսկերը: Միաժամանակ Ավանեսյանն ասաց՝ կարող են դեղեր հայտնվել, բայց դրանք բացառիկ դեպքեր են և օրենքով խիստ պատժելի են:

«Բայց ընդհանրական հարց բարձրացնել, որ Հայաստանում կեղծ դեղեր կան, կարծում եմ՝ ակտուալ չէ, և մեր մոնիտորինգի արդյունքներն էլ ցույց են տալիս, որ մենք նման խնդիր չունենք», - հավելեց նա:

Եռամսյա հավաքների մասնակիցները որոշակի խնդիրների պարագայում ուղղորդվում են բժշկական կենտրոններ

Եռամսյա վարժական հավաքներից առաջ մասնակիցների քանի՞ տոկոսն է դիմել բուժզննության, ու քանիսն են բուժում ստացել, հարցրել էր օգտատերերից մյուսը: Նախարարն ասաց, որ նման տոկոս չի կարող հնչեցնել. «Բայց կարող եմ ասել, որ այդ վարժանքների մասնակիցներին անցնում են նախնական թեթև զննություն և որոշակի խնդիրների պարագայում արդեն ուղղորդվում են բժշկական կենտրոններ՝ անցնելու լրացուցիչ հետազոտություններ, կամ եթե անհրաժեշտ է, բուժում են անցնում, հետո նոր մեկնում են իրենց ծառայությունն իրականացնելու: Ընթացակարգերը շատ հստակ են և գործում են»:

«Մեր վերջին երկու տարիներին որդեգրած քաղաքականության արդյունքում ՁԻԱՀ-ի շատ ավելի դեպքեր ենք հայտնաբերում»

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի միավորումից ի՞նչ շահեցին պացիենտները, այս հարցին նախարարն արձագանքեց, որ կենտրոնների միավորման մեթոդները կարելի է վիճարկել, փոփոխությունները երբեմն նաև լինում են ցավոտ, բայց «պետք է հասկանալ, որ բժշկակագիտությունը զարգանում է»:

«Մեր քաղաքականությունն էլ հենց պետք է բխի այդ սկզբունքից: Առանձին պահելով նման կենտրոնը և առանձին ծառայությունների շրջանակ ունենալով՝ մենք բարձրացնում ենք նախ ծախսերն այդ ուղղությամբ իրականացվող, բացի այդ որոշակի ծառայություններ, որոնք այս երկու կենտրոնների շրջանակներում շատ ավելի պարզեցված ձևով են իրականացվում, բարձրացնում են հասանելիությունը մեր պացիենտների համար, բացի դրանից, մենք նաև թիրախավորումից ենք զերծ մնում: Մարդիկ երբեմն խուսափում են դիմել ՁԻԱՀ-ի կենտրոն, որովհետև չեն ուզում թիրախավորվել, իսկ երբ այդ ծառայությունները տրամադրվում են ընդհանուր բժշկական ծառայությունների շրջանակներում, շատ ավելի հեշտ է ընդունվել:

Մենք հայտնաբերելիության աճ ունենք, այսինքն՝ մեր վերջին երկու տարիներին որդեգրած քաղաքականության արդյունքում մենք ՁԻԱՀ-ի շատ ավելի դեպքեր ենք հայտնաբերում, և սա ամենակարևոր հարցերից է», - հայտնեց նա:

Անահիտ Ավանեսյանը չհամաձայնեց մեկնաբանության հետ, թե Այրվածքաբանության ազգային կենտրոնը փակում են, ասաց. «Մենք որևէ կենտրոն չենք փակում, մենք դիտարկում ենք ծառայությունների բարելավման քաղաքականությունը:

Արդյոք Այրավաքածաբանության կենտրոնի պայմաններն ու մատուցվող ծառայությունների որակը այն մաքսիմալ ցանկալին է, ինչ որ ունենք, ոչ, մեր քաղաքացիներին մեր շատ ավելի լավ պայմաններում պետք է այս ծառայությունները մատուցենք, բայց Հայաստանի պայմաններում և բժշկագիտության զարգացումը մեզ թելադրում է մոնոպրոֆիլ ծառայությունները հնարավորինս կենտրոնացնել և ծախսարդյունավետության ճիշտ բաշխվածության պարագայում ավելի լավ արդյունքներ ունենալ»:

Հարցին, թե կենտրոնի աշխատակիցները փոխհատուցում կստանան աշխատանքը կորցնելու համար, պատասխանեց. «Մենք առաջնորդվելու ենք մասնագիտական որակների, գիտելիքների և նրանց կոմպետենցիայի առումով, բոլոր մասնագետներն, ովքեր կունենան համապատասխան այս չափանիշներին գնահատական, որևէ աշխատանք չեն կորցնելու: Իսկ ով չի համապատասխանում, օրենքով սահմանված կարգով նախօրոք ծանուցագրերով կփոխհատուցվի»:

XS
SM
MD
LG