Մատչելիության հղումներ

Բացվել է Եղիշե Չարենցի հիշատակը հավերժացնող հուշատախտակը


Նոյեմբերի 27-ին լրացավ Եղիշե Չարենցի մահվան 85-ամյա տարելիցը, որը անշիրիմ հանճարի՝ 40 տարեկան հասակում խորհրդային բռնապետության զոհ դարձած Չարենցի հուշահամալիրի մոտ էր հավաքել մեծանուն պոետի երկրպագուներին, գրողների ու գրականագետների, նրա տուն-թանգարանի աշխատակիցներին, դպրոցականների և, իհարկե, նրա ընտանիքի անդամներին։

Այսօր արդեն Եղիշե Չարենցի տուն- թանգարանը հանդես եկավ մի քանի նախաձեռնությամբ։ Կեսօրին նախ Մաշտոցի 17 հասցեում, որտեղ մեծանուն պոետն իր ընտանքիով ապրել էր կյանքի վերջին երկու տարիները, քանդակագործ Արմեն Վարդանյանի հեղինակությամբ բացվեց Չարենցի հուշաքարը։ Այս տարին հոբելյանական է՝ նշվում է մեծանուն պոետի ծննդյան 125-ամյակը:

«Կարծում եմ՝ այս տարի շատ պատեհ ժամանակ էր՝ մի նոր հուշատախտակ ունենալու: Առհասարակ հուշատախտակները երբ տեղադրվում են, իհարկե, գիտենք, որ դրանք արդեն ունենում են մշակութային արժեքի, հուշարձանի կարգավիճակ», - ասաց տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը:

Չարենցյան այս նոր հուշաքարն իրոք տպավորիչ է։

Բանաստեղծի թոռնուհին՝ տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Գոհար Չարենցը հիշեցրեց, որ Չարենցը մինչև 1935 թվականը բնակարան չի ունեցել և ապրել է ամենատարբեր վայրերում, այդ թվում՝ հյուրանոցում. «Երբ ստացավ այս բնակարանը, շատ-շատ ուրախ էր և շատ էր հպարտանում: Մեկ ամսական էր մայրս, մորաքույրս՝ երեք տարեկան, երբ տեղափոխվեցին այստեղ, բայց ցավոք սրտի, կարողացավ ապրել երկու տարի՝ 35-37 թվականները և այստեղից էլ բանտարկվեց, որբացան երկու երեխաները»:

Մաեստրո Տիգրան Մանսուրյանի համար չափազանց թանկ ու հարազատ է ոչ միայն մեծանուն պոետի այսօր արդեն թանգարանի վերածված տունը, այլև այդ տան մայթեզրին գտնվող ծառերը։

«Ես ամեն անգամ որ այս ծառերի մոտով անցնում եմ, ողջունում եմ իրենց, որովհետև Չարենցն իր այս փակված օրերին մի օր ասաց. Ծառերից պատին
Ստվեր է ընկել կապույտ…
Կարոտդ կամար է կապում
Իմ հոգում մթին,
Իմ հոգու թանձր տապում…

Այս ծառերի մասին է խոսքը, ես իրենց հետ ապրում եմ միշտ, և Չարենցի այդ բանաստեղծության ծառերն են»:

Հուշաքարի բացումից հետո Եղիշե Չարենցի հյուրընկալ հարկի ներքո նշվեց նաև նրա ավագ դստեր՝ անվանի չարենցագետ, երջանկահիշատակ Արփենիկ Չարենցի ծննդյան 90-ամյա հոբելյանը՝ «Եղիշե Չարենցի աղոթքները» վերահրատարակված նրա գրքի շնորհանդեսով և Արփենիկ Չարենցին նվիրված ցուցահանդեսի բացմամբ։ Հոբելյանական օրվա կապակցությամբ Արփենիկ Չարենցի որդին՝ Արմեն Չարենցը տուն-թանգարանին իր անձնական հավաքածուից նվիրեց մոր գրքերից երկուսը, որոնք Չարենցն ընծայագրել էր իր մանկահասակ դստերը՝ Արփենիկ Չարենցին։

«Մինչև իր վերջին վայրկյանը նա չկտրվեց Չարենցից, անգամ երբ մեր ընտանիքի կյանքը բաժանվել է երկու հատվածի՝ մի մասը իր զավակներին էր նվիրել, մյուս մասը՝ հոր հիշատակին, և եթե Չարենցին նվիրված հատվածը գերիշխում էր, իհարկե մենք խանդով չէինք վերաբերվում, բայց նա տանում էր, անընդհատ Չարենցով էր ապրում: Ես հետո վերջում հասկացա, որ ոչ թե ինքն է Չարենցին կպած, այլ Չարենցն իրեն բաց չի թողնում: Մինչև վերջին վայրկյանը ինքը խոսում էր իր հոր հետ», - ասաց նա:

Չարենցյան հոբելյանական այս տարում ի թիվս բազմաթիվ այլ իրադարձությունների ձեռնարկվել է նաև Եղիշե Չարենցի ստեղծագործությունների ակադեմիական հրատարակությունը 13 հատորով, և այսօր նրա տուն-թանգարանի դահլիճում տեղի ունեցավ նաև համագործակցության եռակողմ պայմանագրի ստորագրություն՝ ի դեմս տուն-թանգարանի, ԳԱԱ Գրականության ինստիտուտի և «Անտարես» հրատարակչության, որը և պիտի հրատարակի չարենցյան ակադեմիական 13 հատորները։

«Որպես հրատարակիչ ինձ համար և մեր ամբողջ թիմի համար մեծ պատիվ է... «Անտարեսը» 35-50 միլիոն դրամ ներդնելու է այս աշխատանքի մեջ, և մենք գիտենք, որ այս աշխատանքը հավաքագրման նյութերից սկսվում է հենց այն պահից, երբ դու հանրահռչակում ես», - ասաց «Անտարես» հոլդինգի նախագահ, հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG