Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նախագահը հրապարակավ քննադատել է Կիևի քաղաքապետին


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ

Ուկրաինայի քաղաքական ասպարեզում արձանագրվել է խիստ հազվադեպ զարգացում՝ նախագահ Վլադիմիր Զելենսկին հրապարակավ կշտամբել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին:

Նախագահն ասել է, թե քաղաքապետարանը թերացել է ռուսների հրթիռակոծությունների հետևանքով ջեռուցումից զրկված բնակիչների համար տաքացվող ապաստարաններ ստեղծելու գործում: Այդ հատուկ ապաստարաններն Ուկրաինայում անվանում են «դիմադրության հենակետեր»:

«Ամբողջ երկրում տեղակայել ենք «դիմադրության հենակետեր», բայց, ավաղ, գիտեմ, որ ոչ բոլոր քաղաքներում են տեղական իշխանությունները լավ աշխատել: Խնդրում եմ ուշադրություն դարձնել Կիևի վրա, այստեղ 600 հազար մարդ 20-ից 30 ժամ հոսանք չունի, ոչ ոք չի ների, եթե «դիմադրության հենակետերը» թերի աշխատեն, խնդրում եմ սա շատ լուրջ ընդունել», - ասել է Զելենսկին:

Ուկրաինայում այդօրինակ հազարավոր ապաստաններ են ստեղծվել: Ջեռուցումից զրկված բնակիչները կարող են այնտեղ տաքանալ:

Ռուսաստանը միտումնավոր հարվածում է էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարման համակարգերին՝ Ուկրաինայում ձմռանը բնակիչների համար անտանելի պայմաններ ստեղծելու նպատակով:

XS
SM
MD
LG