Թուրքիան շարունակում է հրթիռակոծել Սիրիայի հյուսիսային շրջանները։ France-Presse գործակալությունը, վկայակոչելով քրդական աղբյուրները, պնդում է, որ նախօրեին թուրքական անօդաչու թռչող սարքից արձակված հրթիռներից մեկը հարվածել է Սիրիայի հյուսիսում գտնվող ռուսական ռազմակայաններից մեկին։Գործակալության փոխանցմամբ այդ պահին բազայի տարածքում գտնվող քուրդ զինյալներից մեկը զոհվել է, ևս երեքը վիրավորվել են։
Պաշտոնական Մոսկվան այս տեղեկությունն առայժմ չի մեկնաբանել։
Նախօրեին թուրքական հարվածների թիրախում են հայտնվել նաև Ալ-Քաթանիայի շրջանում գտնվող նավթահորերը, ինչպես նաև Հասեկե քաղաքում գտնվող էլեկտրակայանը։
France 24 հեռուստաալիքի տեղեկություններով` թուրքական բանակը հարվածներ է հասցրել նաև սիրիացի քրդերի այն ստորաբաժանումներին, որոնք հսկում են տարածաշրջանի խոշորագույն ազատազրկման վայրը համարվող «Ալ Հոլ» ճամբարը։ Այստեղ շուրջ 50 հազար մարդ է պահվում՝ հիմնականում «Իսլամական պետություն» խմբավորման նախկին զինյալներ, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներ։ «Ալ Հոլ»-ի բանտարկյալներից 10 հազարը «Իսլամական պետության» հետ առնչություն ունեցող երրորդ երկրների քաղաքացիներ են։
Քրդական աղբյուրներն առայժմ չեն հաղորդում՝ արդյոք թուրքական հարվածների հետևանքով «Ալ Հոլ»-ից փախուստի դեպքեր եղե՞լ են, թե՞՝ ոչ։