Մատչելիության հղումներ

«Մանչեսթր Յունայթեդ»-ը խզեց պայմանագիրը Ռոնալդուի հետ


Կրիշտիանու Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում, արխիվ
Կրիշտիանու Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում, արխիվ

Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Մանչեսթր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբն այսօր պաշտոնապես խզեց պայմանագիրը պորտուգալացի գերաստղ Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Այդ մասին հայտնել է անգլիական ակումբի մամլո ծառայությունը:

Քաթարում անցած կիրակի օրը մեկնարկած ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնությանն ընդառաջ Ռոնալդուն The Sun պարբերականին տված հարցազրուցում ասել է, թե հարգանք չի տածում ակումբի նիդերլանդացի մարզիչ Էրիկ տեն Հագի նկատմամբ:

«Մանչեսթր Յունայթեդ»-ի մամլո ծառայությունը նշում է, որ պորտուգալացու հետ պայմանագիրը խզվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

«Կրիշտիանու Ռոնալդուն կհեռանա: Ակումբը նրան շնորհակալություն է հայտնում տարբեր ժամանակաշրջաններում Օլդ Թրաֆորդում [թիմի մարզադաշտում] հսկայական ներդրումի համար և ամենայն բարիք է մաղթում: Հիմա մենք կենտրոնացած ենք Էրիկ տեն Հագի ղեկավարության ներքո աշխատելու վրա», - ասվում է հաղորդագրությունում:

Ռոնալդուն «Մանչեսթր Յունայթեդ»-ի կազմում 2003-2009, ապա 2021-22 թվականներին ընդհանուր հաշվով անցկացրել է 346 խաղ և խփել է 145 գոլ:

37-ամյա Ռոնալդուն «Մանչեսթր Յունայթեդ»-ից զատ ժամանակին խաղացել է պորտուգալական «Սպորտինգ»-ի, իսպանական Մադրիդի «Ռեալ»-ի և իտալական «Յուվենտուս»-ի կազմում:

Նա հինգ անգամ վաստակել է Ոսկե գնդակը: Այս պահին Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում գտնվում է Քաթարում: Առայժմ հայտնի չէ, թե որտեղ նա կշարունակի կարիերան աշխարհի առաջնությունից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG