Երևանում վաղը հրավիրված ՀԱՊԿ գագաթնաժողովին ընդառաջ Ազգային-ժողովրդավարական բևեռը այսօր բողոքի ակցիա անցկացրեց:
Գարեգին Նժդեհի արձանի մոտից մեկնարկած երթի մասնակիցները հակառուսական կարգախոսներ էին վանկարկում՝ «թշնամի Ռուսաստան», «թշնամի ՀԱՊԿ»՝ ակնարկելով, որ սեպտեմբերյան արյունալի բախումներից հետո այդ ռազմական դաշինքը որևէ աջակցություն չցուցաբերեց իր անդամ երկրին՝ Հայաստանին:
Բևեռի անդամները հայտարարեցին, որ ոչ բարեկամ, ավելին` «Հայաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված» ՀԱՊԿ երկրների ղեկավարների, մասնավորապես՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը պետք է ստանա արժանապատիվ հակազդեցություն: Նրանք, ինչպես նաև քաղհասարակության ներկայացուցիչները պատրաստվում են վաղը ևս ակցիաներ անցկացնել:
Սա 44-օրյա պատերազմից հետո Պուտինի առաջին այցն է Հայաստան: