Մատչելիության հղումներ

Հայտնի են Երևանի կարճամետրաժ և ուսանողական ֆիլմերի միջազգային 5-րդ կինոփառատոնի մրցանակակիրների անունները


Երեկ երեկոյան Աբովյան քաղաքում տեղի ունեցավ Երևանի կարճամետրաժ և ուսանողական ֆիլմերի միջազգային 5-րդ կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում հայտարարվեցին նաև մրցանակակիրների անունները։

Նոյեմբերի 18-ին Հրազդան քաղաքում մեկնարկած միջազգային կինոփառատոնին այս տարի ավելի քան 500 հայտ էր ներկայացվել 68 երկրից։ Մրցութային ծրագրում ընտրվել էր 33 ֆիլմ 10 երկրներից։ Մրցութային ծրագրում ընդգրկված այդ 33 ֆիլմերից 18-ը հայկական ֆիլմեր են, որոնք ներկայացվել են ազգային ծրագրում, 15-ը միջազգային ծրագրում ներկայացված արտասահմանյան կարժամետրաժ կինոնկարներ են։

Կինոփառատոնը կազմակերպվել էր «Հայկական կինոյի ինդուստրալ զարգացման» մշակութային հիմնադրամի տնօրեն Գուժ Թադևոսյանի և Ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

«Ազատության» հետ զրույցում Ազգային ինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանն ասաց. - «Հայկական ֆիլմերի մեջ եղել են պետական ֆինանսավորում ստացած ֆիլմեր կարճամետրաժ։ Կարճամետրաժի կարևորությունը նա է, որ հիմնականում սկսնակ ռեժիսորներն են նկարահանում։ Երիտասարդները, սկսնակները այդ մրցույթին մասնակցում են, իրար աշխատանքներն են տեսնում, շփվում են իրար մեջ։ Դա կարևոր է։ Եվ ի ուրախություն մեզ, երեք ֆիլմ է մասնակցել պետական ֆինանսավորում ստացած և երեքն էլ արժանացել են մրցանակների։ Եվ շատ լավ էր, որ այս տարի ինքը [փառատոնը] անցկացվում էր մարզում։ Կյանքը աշխուժանում է, քանի որ հանդիսատեսը արդեն մարզից ներկա է լինում և հանդիսատեսը ծանոթանում է և' մեր հայկական արտադրությանը, և' դրսից էդ պրոեկտներին, ֆիլմերին»

Այս տարի Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր և Աբովյան քաղաքներում անցկացված երիտասարդական այս կինոփառատոնի Գրան Պրին «Լավագույն ֆիլմ» անվանակարգում ստացել է Զոյ Արենեն Ֆրանիսայից՝ «Հեքիաթ» ֆիլմի համար։ Ազգային ծրագրում մրցութային հանձնաժողովի կողմից «Լավագույն խաղարկային ֆիլմ» է ճանաչվել Տիգրան Աղաջանյանի «Դատարկություն» ֆիլմը։ Ի դեպ, այս ֆիլմը մրցանակի է արժանացել նաև «Լավագույն դերասան» անվանակարգում։ Ազգային ծրագրում «Լավագույն վավերագրական ֆիլմ» է ճանաչվել Էդգար Սարգսյանի «Ճանապարհ» խորագրով աշխատանքը, իսկ լավագույն ռեժիսոր՝ Վահան Գրիգորյանը «Ցեխը» ֆիլմի համար։ «Լավագույն սցենար» անվանակարգում հաղթել է արձակագիր Համբարձում Համբարձումյանը «Կորեական դելիկատես» ֆիլմի սցենարի համար։

Շուշանիկ Միրզախանյանը նշեց, որ ոչ միայն այս կինոփառատոնին մասնակցած և հաղթած ֆիլմերը, այլև մի շարք այլ միջազգային կինոփառատոների մասնակցած հայկական ֆիլմեր այս աշնանը լուրջ հաջողություններ են գրանցում. - «Աշխույժ և առատ աշուն էր կինոյի համար, քանի որ շատ ուրախալի է, որ մենք պետական աջակցություն ենք տալիս ֆիլմերի, որոնք ունենում են շատ լավ, հետաքրքիր ճանապարհ փառատոնային։ Ինչո՞ւ եմ սա նշում։ Որովհետև փառատոների մասնակցությունը գնահատվելու մի հարթակներ են դրանք, որտեղ մրցակցում են միջազգային տարբեր ֆիլմերի հետ։ Ինչքան ակտիվ են ֆիլմերը մասնակցում և կարողանում են մրցանակներ ստանալ, ամեն հարթակում մեր երկիրն են ներկայացնում։ Պատկերացրեք, եղել է ժամանակ, որ մենք կինոշուկաներին, փառատոներին որ մասնակցում ենք, նույնիսկ շատ անգամ հարց են տվել՝ ո՞նց, Հայաստանը կինո ունի՞... Այսինքն՝ այնքան չիմացված հարթակներ կան, որ ինչքան շատ կարողանան մեր ֆիլմերը մասնակցեն փառատոների, երկիր ճանաչելը շատ կարևոր է, որ այո, մենք ունենք կինոարտադրություն և ունենք բավականին հետաքրքիր կինոարտադրություն»։

Այս առումով Շուշանիկ Միրզախանյանը շեշտում է հատկապես «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի հաղթարշավը, որը, նրա համոզմամբ, դեռ շարունակվելու է ամենատարբեր միջազգային կինոփառատոներում. - «Ցեղասպանության թեման է բարձրաձայնվել նորից։ Ինքը հետաքրքիր նախագիծ է, ֆիլմ է, քանի որ վավերագրությունն ու անիմացիան ա համադրվել իրար հետ, և հիմքում ամբողջը իրական պատմություն է։ Եվ այս ֆիլմը նույնպես շատ հետաքրքիր ճանապարհ սկսեց անցնել։ Անսի փառատոնից սկսվեց, երբ ֆիլմը ընտրվեց մրցութային ծրագիր որպես անիմացիոն ֆիլմ, իսկ փառատոներ կային, որտեղ այն ընգրկվում էին որպես դոկումենտալ ֆիլմ։ Եվ այս պահին էլ ինքը գտնվում է Տալլինի փառատոնում։ Այս պահին ռեժիսորը՝ Իննա Սահակյանը, գտնվում է էնտեղ, և ֆիլմը ընդգրկված է մրցութային ծրագրում։ Հայաստանի կինոակադեմիան ներկայացրել է ֆիլմը Օսկարի, և ասեմ, որ ֆիլմը նաև նոմինանտ էր Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կինոակադեմիայի մրցանակաբաշխությանը։ Հազարից ավելի ֆիլմեր են ներկայացվել, 70-ից ավելի երկրներ են մասնակցում այդ մրցանակաբաշխությանը։ Մեր ֆիլմը վերցրեց գլխավոր մրցանակ։ Սա մեզ համար շատ կարևոր հաղթանակ էր։ Առաջին ֆիլմն է հայկական, որ ստացավ նման բարձր մրցանակ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG