Մատչելիության հղումներ

Սև ծովով ուկրաինական հացահատիկի արտահանումը երկարաձգվեց ևս 120 օրով


Ուկրաինական հացահատիկը փոխադրող Despina V բեռնատար նավը Ստամբուլի նավահանգստի մոտակայքում, արխիվ:
Ուկրաինական հացահատիկը փոխադրող Despina V բեռնատար նավը Ստամբուլի նավահանգստի մոտակայքում, արխիվ:

Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդել է ուկրաինական նավահանգիստներում պահեստավորված հացահատիկի արտահանումը Սև ծովով ևս 120 օրով երկարաձգելու համաձայնության մասին:

«Որոշումը քիչ առաջ հաստատվել է Ստամբուլում: Նախաձեռնության երաշխավորներն են մնում ՄԱԿ-ը և Թուրքիան»,- Թվիթերի էջում գրել է նախարար Ալեքսանդր Կուբրակովը:

Նա հատուկ ընդգծել է գործարքի համաձայնեցման խնդրում Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի դերը:

«Թուրքիայի պաշտպանության նախարարը ևս մեկ կարևոր քայլ է արել համաշխարհային պարենային ճգնաժամը կանխելու համար»,- գրել է Կուբրակովը:

Նախարարի փոխանցմամբ, Ուկրաինան գործընկերներին պաշտոնապես դիմել է գործարքի ժամկետն առնվազն մեկ տարով երկարաձգելու և դրանում Նիկոլաևի նավահանգիստն ընդգրկելու առաջարկով:

Ուկրաինական հացահատիկն այսօրվա դրությամբ փոխադրվում է Օդեսայի, Յուժնիի և Չերնոմորսկի նավահանգիստներից: Չերկարաձգվելու դեպքում գործարքի ժամկետն այսօր սպառվելու էր:

Հացահատիկի գործարքի երկարաձգման լուրը հաստատել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

«Ողջունում եմ Սևծովյան նախաձեռնությունը շարունակելու համաձայնությունը, որով հացահատիկը, պարենը և պարարտանյութը ծովով կարտահանվի անվտանգ ճանապարհով»,- հայտարարել Գուտերեշը:

Լուրը հաստատել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, ով շնորհակալություն է հայտնել ոչ միայն Կիևին և ՄԱԿ-ին, այլև Մոսկվային:

«Ավելի քան 11 միլիոն տոննա հացահատիկի արտահանումն անցած չորս ամսում վկայում է համաշխարհային պարենային անվտանգության համար այդ նախաձեռնության կարևորության մասին»,- Թվիթերում գրել է Թուրքիայի ղեկավարը:

XS
SM
MD
LG