«Քիմիկների զորամասի» անհետ կորած պայմանագրայինների ծնողները հերթական անգամ դատական նիստից հուսահատված են դուրս գալիս։
Նիստը այսօր էլ բովանդակային դատաքննության փուլ չմտավ։ Ամբաստանյալի աթոռին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանն է, զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանը։ Նրանք, ի դեպ, չցանկացան, որ դատական նիստը լուսաբանվի։
44-օրյա պատերազմի ժամանակ, հոկտեմբերի 21-ին Աբգարյանի խումբը՝ 62 պայմանագրայիններ, Զանգելան մեկնելու առաջադրանք են ստացել Մակարյանից։ Հասել են քաղաքի դպրոցի մոտ, երբ ժամեր առաջ արդեն Զանգելանի բարձունքների վրա ադրբեջանցիներն էին նստած։
Ծնողներն ասում են գեներալ-լեյտենանտ Մակարյանից լսել են, թե վրիպակ է եղել։
«Իրանց արդեն զգուշացրել են, որ էնտեղ արդեն գրավված տարածք ա, ո՞ւր եք գնում։ Իսկ ինքը հրաման ա տվել, առաջ ա տարել։ Իրանք միտումնավոր պայմանավորված են էղել, որ պըտի ցույց տան, որ գրավված տարածքում կռիվ ա էղել, զոհ են տվել... մեր էրեխեքին տարան տվեցին թուրքին», - վրդովվում է ծնողներից մեկը։
62 հոգուց շրջափակումից հրամանատար Աբգարյանի հետ դուրս են եկել 22 զինծառայող, մյուսները սպանվել, գերեվարվել են։ 23 հոգի մինչև այժմ անհետ կորած են։
«Ինքը հավաքել ա իրա նաֆար ու փախել ա», - պնդում է մեկ այլ ծնող։
Ըստ քննության, Աբգարյանի անփութության հետևանքով են զինծառայողները ադրբեջանցիների հսկողության տակ անցած տարածք հասել, իսկ Մակարյանը, որ Զանգելանի մարտական հատուկ առաջադրանքի պատասխանատուն էր, տեղեկանալով, որ խումբը շրջափակման մեջ է հայտնվել, օգնության չի շտապել, նահանջի հրաման է տվել, ինքը վերադարձել է Կապան։ Ըստ մեղադրանքի, անգործություն է ցուցաբերել՝ ծանր հետևանքներով։
Արսեն Աբգարյանն այսօր դատարանի դահլիճում ասաց, թե իր կյանքի գնով մնացածներին էլ կփրկեր, բայց ինքն էլ շրջափակման մեջ է եղել։
Ծնողներից Հրաչյա Ալեքսանյանը պնդեց ՝ տեսել եմ քեզ Կապանի զորամասում, ի՞նչ շրջափակում. - «Ո՞նց կարող ա ինքը շրջափակման մեջ լինի, երբ որ ամսի 22-ի լուս առավոտ ես Ղափանի գնդում եմ էղել, ու հանդիպել եմ, անձամբ հանդիպել եմ էրկու ամբաստանյալներին»։
Դատական նիստերը խիստ հուզական ընթացքը են ունենում։ Այս անգամ Աբգարյանի փաստաբանը չկար, և նա ասաց, թե այս մթնոլորտում պաշտպանը լիարժեք չի կարողանում իրականացնել իր գործը։ Ծնողները հակադարձում են՝ երկու տարի անորոշության դժոխքում են, ուզում են իրենց երխաներին մահվան դուռը տանողները պատժվեն, իսկ իրենց ահաբեկիչ են անվանում։
«Էրկու տարուց ավել ա կոտորվում ենք էս դուռ խփելով, էն դուռ փխելով։ Հիմա կախվել էն ծնողի բառերից... ծնողի սիրտը հելած ա, պըտի էրկու բառ չասի՞... դու տարել ես էրեխին, էրեխու դիմաց էրկու բառ էլ չես ուզում լսե՞ս», - ասում է Կիմա Ավետիսյանը ու շարունակում. - «Փաստաբանը չի էկել, վախենում ա փաստաբանը։ Փաստաբանի վախենալու համար դա՞տ են հետաձգում։ Քառասում էրեխու պատասխան պըտի տան»։
«Մակարյանը 3 պատերազմներով անցած մարտական գեներալ է, մեղադրանքն իրականության հետ կապ չունի», - պնդում է նրա փաստաբան Ամրամ Մակինյանը։ - «Նշանակված են մեղավորներ, որոնք պետք ա ի ցույց դրվեն հանրությանը որպես մեղավորներ»։
Ըստ փաստաբանի, այսօրվա իշխանությունն է Մակարյանին մեղավոր կարգել։ Մակինյանը վստահ է, որ լուրջ քննության կարիք կա։ Նրա պնդմամբ՝ Մակարյանը բոլորովին էլ հարավային ուղղության պատասխանատուն չի եղել. - «Ես գիտեմ ովքեր են եղել հարավային ուղղության պատասխանատուները։ Դուք պարզեք»։
Անդրանիկ Մակարյանը դատական նիստում չխոսեց, հետո էլ հեռացավ անձայն։