Թուրքական ոստիկանությունը նոր մանրամասներ է հաղորդել կիրակի օրը Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչական գործողության մասին։ Թուրք իրավապահները այսօր հրապարակել են Թաքսիմ հրապարակում և դրան հարակից տարածքներում տեղադրված անվտանգության տեսախցիկների տեսագրությունները։
Դրանցում երևում է պայթուցիկ սարքը տեղադրելու մեջ կասկածվող և հարձակումից մի քանի ժամ անց ձերբակալված Սիրիայի քաղաքացի Ահլամ Ալբաշիրը։ Տեսագրությունից դատելով՝ նա հարձակման վայր է հասել Թաքսիմ հրապարակից։ Մոտ 40 րոպե անցկացնելով Ստամբուլի գլխավոր տուրիստական կենտրոն համարվող Իստիքլյալ պողոտայում՝ Ալբաշիրը պայթուցիկ սարքով ուսապարկը թողել է նստարանին և հեռացել։
Պաշտոնական Անկարայի պնդմամբ՝ Ահլամ Ալբաշիրը առնչություններ ունի Քրդական բանվորական կուսակցության և դրա սիրիական մասնաճյուղի հետ։ Քրդական կառույցները Թուրքիայից հնչող այս մեղադրանքները հերքում են։