Ադրբեջանի խորհրդարանը հանդես կգա Ֆրանսիայի Սենատի կողմից երեկ ընդունված բանաձևին հակադարձող հայտարարությամբ։ Այս մասին հաղորդում է APA գործակալությունը՝ նշելով, որ նման հայտարարություն ընդունելու նախաձեռնությունը պատկանում է Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովային։
«Երեկ Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևի ամեն մի տողը ներծծված է մեր ժողովրդի հանդեպ ատելությամբ։ Մենք կոչ ենք անում Ֆրանսիային հրաժարվել Հայաստանը որպես զոհ, իսկ Ադրբեջանը ագրեսոր ներկայացնելու փորձերից», - հայտարարել է ադրբեջանական խորհրդարանի նախագահը։
Գաֆարովայի նախաձեռնությամբ պատգամավորներից կազմված հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որն էլ կկազմի Միլի մեջլիսի հայտարարության տեքստը։
Բանաձևը պահանջում է Հայաստանից ու Լաչինի միջանցքից ադրբեջանական ուժերի հետքաշում ելման դիրքեր, հայ ռազմագերիների ազատ արձակում։ Ֆրանսիացի օրենսդիրները կառավարությանը կոչ են անում ադրբեջանական զինված ագրեսիան Հայաստանի տարածքում անպատիժ չթողնել՝ բռնագանձելով ադրբեջանցի առաջնորդների ունեցվածքն ու էմբարգո դնել ադրբեջանական նավթի ու գազի ներմուծման վրա։