Մատչելիության հղումներ

Խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցում 2023-ի բյուջեի քննարկմանը


Հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկումն առանց ընդդիմության ընթացավ։ Մոտ կես տարվա բոյկոտից հետո երեկ խորհրդարան վերադարձած «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները առանց բացատրության բյուջե 2023-ի քննարկմանն ընդառաջ լքեցին Աժ դահլիճը։

Ընդդիմադիրներն ավելի վաղ ասել էին, թե խորհրդարան են գալիս Արցախի և Հայաստանի անվտանգային հարցերի օրակարգով։

Իշխանական պատգամավորներն ասում էին, որ իրենք այլ պատկեր կցանկանային տեսնել։

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ կան, որոնք իրենց ընտրել են, և այդ քաղաքացիների ձայնը 2023 թվականի բյուջեի համատեքստում որևէ կերպ, ես ցավում եմ, որ լսելի չի եղել», - հայտարարեց Գևորգ Պապոյանը («Քաղաքացիական պայմանագիր»)։

«Սա այն տեղը չի, որ պետք ա փախնել։ Սա էն տեղն ա, որտեղ պետք ա ստեղծել համերաշխության միջավայր», - հավելեց նույն խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը։

Հանձնաժողովումներում մի քանի օր տևած քննարկումներից հետո բյուջեի նախագիծն այսօր իշխող մեծամասնությանը խորհրդարանում ներկայացրեց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը. - «2023 թվականի բյուջետային ծրագրերի հիմնական առանցքը շարունակելու է լինել անվտանգային միջավայրի, տնտեսական հզորացման, մարդկային կապիտալի զարգացման և մեր քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության ամրապնդումը»։

Կառավարությունը հաջորդ տարվա ընթացքում նախատեսում է ավելի քան 6,4 միլիարդ դոլար ծախսել։ Սա շուրջ մեկ միլիարդով գերազանցում է այս տարվա ծախսերը։

Ընդհանուր գումարի ամենամեծ մասը՝ ավելի քան 25 տոկոսը կուղղվի սոցիալական ծախսերին. կենսաթոշակների, տարբեր նպաստների ու այլ օժանդակությունների համար գործադիրը 2023 թվականին ավելի քան 1,6 միլիարդ դոլար կծախսի։

Երկրորդ տեղում Զինված ուժերի ֆինանսավորումն է։ Պաշտպանության ոլորտին կառավարությունը նախատեսում է ավելի քան մեկ միլիարդ դոլար հատկացնել։ Պաշտպանական ծախսերն այս տարվա համեմատ ամենաշատն են մեծանալու՝ շուրջ 430 միլիոն դոլարով։

Խորհրդարանում այսօր խոսեցին նաև այս տարվա ցուցանիշների ու 2023-ին սպասվող զարգացումների մասին։ Գործադիրը հաջորդ տարի առնվազն 7 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում։ Իշխանությունները հայտարարում են, որ նպատակին հասնելը հեշտ չի լինելու. - «Կլինեն նաև դժվարություններ։ Այս տարվա դրական զարգացումների արդյունքում ձևավորված բազայի նկատմամբ բարձր տնտեսական աճի հասնելը պահանջում է հետևողականորեն խորացնել իրականացվող բարեփոխումների ընթացքը և հաղթահարել զգալի դժվարություններ» (Տիգրան Խաչատրյան)։

Տարվա գրեթե ամբողջ ընթացքում փորձագետներն ու տնտեսագետները շեշտում էին, որ գրանցվող բարձր տնտեսական ցուցանիշները հիմնականում դեպի Հայաստան ռուսաստանցիների ու նրանց դրամական միջոցների մեծ ներհոսքով են պայմանավորված։

Իշխանականները համաձայն են, բայց չեն ընդունում փորձագետների պնդումները, թե կառավարությունը սրա համար ոչինչ չի արել։ Ասում են՝ կարող էին, չէ՞, ռուսները այլ երկիր ընտրել։

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն ասում է՝ սա կարճաժամկետ իրողություն է, որը կարող է վաղն անգամ փոխվել. - «Էդ խոսքերն ու էդ իրավիճակը հարատև չեն։ Այսինքն՝ էսօր մենք ունենք մի իրավիճակ, վաղը կարող ենք ունենալ մեկ այլ իրավիճակ։ Դրա համար ամենակարևոր խնդիրներից մեկը, որը կառավարությունը դրել ա իր առջև, ու որը արտացոլված է հաջորդ տարվա բյուջեում, դա այս տնտեսական էֆեկտը, որ այս պահին կարճատև ա գնահատվում, երկարաժամկետ տնտեսական աճի ներուժի վերածելն է»։

Քննարկման ավարտին ընդդիմությունը խախտեց լռությունը։ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունեցավ Արթուր Խաչատրյանը։ Գործադիրի խոստացած 7 տոկոս տնտեսական աճի մասին խոսելիս, պատգամավորն անդրադարձավ տարբեր ուղղություններով կապիտալ ծախսերի թերակատարմանը, երբ ի սկզբանե այս կամ այն լայնամասսշտաբ ծրագրի համար գումար է նախատեսվում, բայց այդ միջոցներն ի վերջո չեն ծախսվում։ Բյուջեի նախագծով, հենց այսպիսի ներդրումները պետք է նպաստեն տնտեսության աճին։

«Խոսք տալը և խոստումը կատարելը տարբեր բաներ են։ Դաշինքի համար 2023 թվականի բյուջեն իրատեսական չի դիտվում և ըստ այդմ՝ անընդունելի է», - եզրափակեց Խաչատրյանը։

Վերջին խոսքը վարչապետինն էր։ Նիկոլ Փաշինյանը թվարկում էր այժմյան ցուցանիշներն ու դրանք համամետում 2018-ի թվերի հետ։ Այս անգամ էլ նա առիթը բաց չթողեց նախկիններից խոսելու համար։ Ընդդիմադիր պատգամավորի քննադատությանն արձագանքելով՝ Փաշինյանն ասաց, որ չկան բավարար մասնավոր ընկերություններ, որոնք կարող են կառավարության բոլոր պատվերները կատարել։ Առանց անուն տալու, նաև հայտարարեց՝ ընդդիմության առաջնորդի ընտանիքի անդամն անգամ միլիարդների մրցույթներ է շահել, բայց աշխատանքները ժամանակին չեն կատարվում. - «Սկանդալի նոր աղբյուր են գտել, որ չգիտեմ... իշխանության հետ կապ ունեցող ընկերությունը շահեց հերթական տենդերը։ Տո բա որ մենք սկսենք ասել ընդդիմության հետ կապ ունեցող ինչքան մարդ ա շահում տենդեր... էդ ո՞ւմ եք բան անում, մեղադրում։ Էդ ա մի հատ ընկերություն կա, ձեր լիդերի ընտանիքի անդամն ա, միլիարդների տենդեր ա շահել... Իսկ էկեք գնանք, թե էդ տենդերը ո՞նց ա իրականացնում, ի՞նչ ժամկետներով ա իրականացնում... Էկել կապիտալ ծախսերի իրականացման համար կառավարությանը քննադատում եք։ Կարո՞ղ ա նաև դրա համար եք ասում էդ գործերի մի արեք, որ հետո գնանք ասենք կառավարությունը կապիտալ ծախսերի ծրագիրը չի իրականացնում»։

Բյուջեի նախագծի քննարկումները դեռ շարունակվելու են, պատգամավորները ժամանակ ունեն գրավոր առաջարկներ ներկայացնելու համար։

XS
SM
MD
LG