Մատչելիության հղումներ

Լեհաստանը բարձր պատրաստվածության վիճակի է բերել զինված ուժերը


Վարշավան հաստատում է, որ երեքշաբթի օրն իր տարածքում ռուսական արտադրության երկու հրթիռ է պայթել, զոհվել է երկու մարդ: Կառավարությունը նշում է, թե համապարփակ փաստեր չունի, թե որ երկրից են հրթիռներն արձակվել: Միաժամանակ հաղորդվում է, որ արտգործնախարարություն է կանչվել Ռուսաստանի դեսպանը` «մանրամասն բացատրություններ ներկայացնելու»:

Պայթյուններից հետո Վարշավան անմիջապես Անվտանգության խորհրդի նիստ էր գումարել և որոշել բարձր պատրաստվածության վիճակի բերել զինված ուժերը: «Մեր հատուկ ծառայություններն այժմ դեպքի վայրում են`մանրամասները պարզելու», - հայտարարել է կառավարության խոսնակը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել լեհ գործընկերոջ հետ ու Ամերիկայի «լիակատար աջակցությունն ու օգնությունն առաջարկել հետաքննության հարցում», - հայտարարել է Սպիտակ տունը: Երկու առաջնորդները պայմանավորվել են «սերտ շփման մեջ մնալ`հետաքննությանը զուգահեռ հետագա քայլերը որոշելու համար»:

Լեհաստանը ՆԱՏՕ-ի անդամ է, որի Կանոնադրության 5-րդ հոդվածի համաձայն հարձակումը դաշինքի անդամներից որևէ մեկի վրա դիտարկվում է որպես հարձակում ընդդեմ բոլորի: Միաժամանակ, արևմտյան աղբյուրները նշում են, որ ռազմական դաշինքի արձագանքը կատարվածին մեծապես կախված կլինի քննության արդյունքներից, մասնավորապես հարցից`միջադեպը միտումնավոր էր, թե պատահական:

ԱՄՆ նախագահն այսօր հեռախոսազրույց է ունեցել նաև ՆԱՏՕ֊ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, դաշինքի անդամ երկրների դեսպաններն էլ որոշել են չորեքշաբթի արտակարգ հանդիպում անցկացնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG