Ադրբեջանի առաջին տիկին, երկրի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան դադարեցրել է գործունեությունը որպես ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի տիկնոջ նամակը՝ ուղղված ՄԱԿ-ին կից կառույցի ղեկավար Օդրի Ազուլեին։ Նամակում մասնավորապես ասվում է, թե Ալիևան «ակտիվորեն մասնակցում է ազատագրված տարածքների վերականգնման լայնածավալ աշխատանքներին» և «չի կարող կատարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի պարտականությունները»:
Մեհրիբան Ալիևան ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան է նշանակվել 2004 թվականին։
58-ամյա Ալիևան Ադրբեջանի խորհրդարանի երեք գումարումների պատգամավոր է, «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության փոխնախագահ, Հեյդար Ալիևի հիմնադրամի նախագահ, մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ։ Ամուսնու կողմից փոխնախագահ է նշանակվել 2017 թվականի փետրվարին։