Ֆրանսիայի Սենատն այսօր կքննարկի հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ նոր բանաձև, որը կոչ է անում կառավարությանը պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ՝ սեպտեմբերյան վերջին հարձակման կապակցությամբ։ Փաստաթուղթը նաև կոչ է անում Բաքվին դուրս բերել ուժերը Հայաստանի տարածքից ու երաշխավորել, որ Լաչինի միջանցքի կարգավիճակը մնա անփոփոխ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն։
«Կոչ ենք անում կառավարությանը եվրոպացի դաշնակիցների հետ համատեղ դիտարկել ադրբեջանական նոր հարձակումներին ամենաուժգին, համարժեք արձագանքը տալու միջոցները, այդ թվում՝ ադրբեջանցի առաջնորդների ունեցվածքի բռնագանձումն ու ադրբեջանական գազի և նավթի ներմուծման վրա արգելանք դնելու հնարավորությունը», - ասված է փաստաթղթում։
Խորհրդարանը նաև խնդրում է Ֆրանսիայի կառավարությանը դիտարկել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական գրասենյակ ստեղծելու հարցը, ինչպես նաև բոլոր միջոցներով ցույց տալ Փարիզի աջակցությունը Երևանին՝ քննարկելով Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդումը։
Բանաձևը խորհրդատվական բնույթ ունի և պարտադիր չէ կատարման համար։ Այն հեղինակել է սենատորների նույն խումբը, որը երկու տարի առաջ՝ 44-օրյա պատերազմից հետո էլ բանաձև էր ներկայացրել Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ։ Այդ բանաձևը 2020 թվականին ընդունվել էր գրեթե միաձայն՝ ձայների 305 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ, ու այդպես էլ մնացել թղթի վրա։ Ավելին, քննարկումների ժամանակ կառավարության ներկայացուցիչը՝ Ֆրանսիայի փոխարտգործնախարարը դեմ էր արտահայտվել, պնդելով, թե «միակողմանիորեն ընդունված նման որոշումը կարող է արդյունավետ չլինել Արցախի կարգավիճակի որոշման համար»։
Թե ինչ դիրքորոշում ունի Ֆրանսիայի կառավարությունն այսօր քվեարկության դրվելիք բանաձևի հարցում, հստակ չէ։ Հայտնի է, որ քննարկումներից օրեր առաջ՝ անցած շաբաթավերջին, Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի նախագահի հետ։ Զրույցը կայացել էր ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ, և ինչպես Ելիսեյան պալատն էր հաղորդել՝ Էմանյուել Մակրոնը վերահաստատել էր Ֆրանսիայի պատրաստակամությունը հայ - ադրբեջանական հակամարտության կարգավորմանն աջակցելու, քաղաքական լուծման հասնելու ուղղությամբ։ Ադրբեջանի նախագահն էլ ընդգծել էր այդ գործընթացում «չեզոքություն, անաչառություն և հավասարակշռված մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը»։
Մինչ այդ ադրբեջանցի ակտիվիստները հայտարարել էին, թե բանաձևի քննարկման ժամանակ բողոքի ցույց են անցկացնելու Ֆրանսիայի դեսպանատան մոտ։