Մատչելիության հղումներ

Զելենսկի. «Ռուսները Խերսոնում պատերազմի հանցագործություններ են կատարել»


Ուկրաինա - Խերսոնի բնակիչները դիմավորում են քաղաքն ազատագրած ուկրաինացի զինծառայողներին, 12-ը նոյեմբերի, 2022թ.
Ուկրաինա - Խերսոնի բնակիչները դիմավորում են քաղաքն ազատագրած ուկրաինացի զինծառայողներին, 12-ը նոյեմբերի, 2022թ.

Խերսոնի բնակիչները մեծ ոգևորությամբ ողջունում են քաղաքը Կիևի հսկողության տակ վերադարձրած ուկրաինացի զինծառայողներին:

Մինչդեռ, նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, թե կան մեծ թվով փաստեր, որոնք վկայում են Խերսոնում ռուսների պատերազմի հանցագործությունների մասին: Դրանց թիվը մի քանի հարյուրի է հասնում:

«Քննիչներն արդեն փաստագրել են ռուսների կողմից ավելի քան 400 պատերազմական հանցագործություններ, հայտնաբերվել են զինծառայողների և խաղաղ բնակիչների մարմիններ: Խերսոնի շրջանում ռուսներից հետո մնացել են այն նույն բարբարոսության հետքերը, որոնք տեսել ենք երկրի այլ շրջաններում: Մենք կգտնենք և պատասխանատվության կենթարկենք յուրաքանչյուր մարդասպանին», - ասել է Զելենսկին:

Խերսոնում կամավորները մարդասիրական օգնություն են բաժանում ռուսների օկուպացիան վերապրած բնակիչներին:

Տեղական իշխանությունների փոխանցմամբ՝ իրավիճակը շատ բարդ է, քանի որ ռուսները նահանջելուց առաջ ոչնչացրել կամ ականապատել են կենսական նշանակության ենթակառուցվածքը:

«Հոսանք, ջուր, ինտերնետ, կապ, ջեռուցում չկա, բայց չկան նաև ռուսներ, դա է ամենակարևորը», - ասում են բնակիչները:

Ուկրաինական իշխանությունները Խերսոնում երեկոյան ժամը 5-ից մինչև առավոտյան 8-ը պարետային ժամ են սահմանել: Ռուսները շարունակում են ռմբահարել և հրթիռակոծել Ուկրաինայի բնակավայրերը:

XS
SM
MD
LG