ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկում է «բանակի մասին կեղծ լուրեր» տարածելու համար զրկել ձեռք բերված քաղաքացիությունից:
Նա առաջարկել է լրացնել Քրեական օրենսգրքի այն հոդվածներում, որոնց պատիժը կարող է հիմք հանդիսանալ ձեռք բերված քաղաքացիությունից զրկելու համար։ Ռուսաստանի ղեկավարը համապատասխան ուղղումներ է կատարել ՌԴ քաղաքացիության մասին օրենքի նախագծում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով փաստաթղթի տեքստը։
Այժմ ձեռք բերված քաղաքացիությունից զրկելու հիմք կարող է հանդիսանալ միայն ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը վերաբերող մի շարք հոդվածների պատիժը։ Սակայն 2021-ի վերջին Պուտինը օրինագիծ է ներկայացրել՝ ընդլայնելու դավաճանության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և անկարգություններ կազմակերպելու մասին հոդվածների ցանկը։ Այս տարվա ապրիլին այն առաջին ընթերցմամբ ընդունվել է։
Երկրորդ ընթերցմամբ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ցուցակում ավելացնել մասնակցությունը «անցանկալի կազմակերպության աշխատանքին», տարածքային ամբողջականության խախտման կոչերի և «բանակի մասին կեղծ լուրերի» տարածման մասին հոդվածը։
Օրինագիծը ներկայումս քննարկում է Պետդուման:
Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության համաձայն՝ Ռուսաստանի տարածքում ծնված անձը չի կարող զրկվել քաղաքացիությունից: Սակայն, եթե քաղաքացիություն չի ստացել ի ծնե, ապա հնարավոր է այն չեղյալ համարել ներկայացված փաստաթղթերում սխալների կամ դատարանի վճռի պատճառով։