Ֆրանսիայում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի իր գործընկերոջը՝ Կատրին Կոլոննային է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման հետ կապված վերջին զարգացումները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, Հայաստանի և Ադրբեջաի միջև սահմանազատման գործընթացի, տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:
ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Միրզոյանն ընդգծել է, որ «Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումներն ու ռազմատենչ հռետորաբանությունը խաթարում են տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերը»:
«Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Կատրին Կոլոննային սեպտեմբերի 13-14 ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջնական ագրեսիայի հետևանքների վերացման առնչությամբ ֆրանսիական կողմի սկզբունքային դիրքորոշման համար: Միաժամանակ բարձր է գնահատվել Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման գործում», - ասված է հաղորդագրությունում։
Երկուստեք կարևորվել է հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունը: Նախարարաներն անդրադարձել են նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության և կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելության գործունեությանը վերաբերող հարցերի:
Արարատ Միրզոյանն ու Կատրին Կոլոննան քննարկել են նաև Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության հարուստ օրակարգին վերաբերող հարցեր: