Մատչելիության հղումներ

Հայաստանի գրողների միությունում հոբելյանական հանդիսությամբ նշվեց Վահագն Դավթյանի ծննդյան 100-ամյակը


Այս տարի օգոստոսի 15-ին լրացավ մեր մեծ բանաստեղծներից Վահագն Դավթյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը, որը հանդիսությամբ նշվեց այսօր Գրողների միությունում։

«Հրաշալի հոբելյան է։ Այս տարի Չարենցի և Վահագն Դավթյանի հոբելյանական տարի է, և ասեմ, որ Չարենցից հետո մի սերունդ եկավ գրականություն, այդ թվերին աշուղներն էին մեջտեղ ընկել, գրականությունը, կարելի է ասել, տապալվում էր... Ահա այդ սերունդը՝ Համո Սահյան, Գևորգ Էմին, Պարույր Սևակ, Սիլվա Կապուտիկյան, այդ սերունդը փաստորեն շարունակեց այն ավանդները, որ Եղիշե Չարենցը թողել էր։ Ինքը իր բանաստեղծական էության մեջ խտացնում էր ազգայինը, համամարդկայինը», - հոբելյանական հանդիսության մեկնարկից առաջ ասաց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։

Վահագն Դավթյանը մեծ աշխատասիրության տեր գրող էր. 40 բանաստեղծական ժողովածուների, հրապարակախոսական հոդվածների 2 գրքի և մամուլում հչապարակված ավելի քան 1000 հոդվածների, նաև թարգմանչական ժողովածուների հեղինակ է։

Բացի դրանից, ինչպես շեշտում է Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը. - «Նաև հրաշալի կազմակերպիչ էր։ Մեզանում հազվադեպ են մարդիկ, որ կարողանան գրական աշխարհում... թերթի խմբագիր՝ «Հայրենիքի ձայն», ապա «Վերածնված Հայաստան» ամսագրի խմբագիր, հետո՝ «Գրական թերթի», հետո Գրողների միության նախագահ։ Մի խոսքով՝ իր գրականությանը զուգընթաց նա շատ լավ գրական կազմակերպիչ էր»։

Այսօրվա հոբելյանական հանդիսության մեկ այլ բանախոսի՝ Գրողների միության վարչության քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանի համոզմամբ. - «Վահագն Դավթյանը մեր պոեզիայի ինքնատիպ դեմքերից մեկն է, հատկապես ազգային թեմատիկայի մշակման առումով։ Եթե նայենք իր պոեմները, սկսած «Թոնդրակեցիներից» մինչև «Ռեքվիեմ»՝ Դեր Զոր գնացած իր այցից հետո, և իր «Ծննդավայր» շարքը Արևմտյան Հայաստանի իր ծննդավայր Արաբկիրի մասին, իր հուշերը։ Եվ ի վերջո ես հիշեցնեմ «Հայ ծնվեցի» փոքրիկ պոեմը, որտեղ ասում է, որ թուրքի յաթաղանը բարձրացել էր, որ չծնվեմ, բայց ես ծնվեցի։ Եվ հիմնական ասելիքը Վահագն Դավթյանի հենց այդ ազգային ապագայի նկատմամբ հավատի ասելիքն է»։

Անվանի ասմունքող Սիլվա Յուզբաշյանն ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում տասնամյակներով ներկայացրել է Վահագն Դավթյանի պոեզիան։ «Ազատության» հետ զրույցում նա ասաց. - «Վահագն Դավթյանի պոեզիան առաջին գրքից մինչև վերջին գիրքը՝ դեռ անտիպ վեպը, կարոտի ասք է... Վահագն Դավթյանը խորապես ինքնատիպ անհատականություն էր, մեր բազմադարյան պոեզիայի ավանդների հետևորդն էր, բայց իր կնիքը կա, նա բերեց իր բանահյուսությունը։ Նարեկյան տաղերի մաքրությունը կա, հեթանոսական գովերգում կա, կա անաղմուկ այրում հայրենիքի ցավի նկատմամբ»։

Բանաստեղծի դուստրը՝ Հասմիկ Դավթյանը, ի պատասխան «Ազատության» հարցին, թե կան արդյոք դեռ չհրատարակված ստեղծագործություններ, ասաց. - «Հատուկենտ ինչ-որ բանաստեղծություններ կան, որ գտել եմ հետո իր դարակներից։ Ամբողջական ինչ-որ բաներ, կարծում եմ, չկա։ Բայց կա մի պատմական վեպ, Արտավազդ Երկրորդի մասին գրված պատմական վեպ, որը դեռ չի հրատարակվել։ Հույս ունենք, որ երբևիցե կհրատարակվի։ Ոչ մի գիրք չտպագրվեց հարյուրամյակի առիթով, շատ ցավով եմ սա ասում։ Ամբողջական փառատոն նվիրեցին, Վահագն Դավթյանի անվամբ գրքի փառատոն անցկացրեցին, բայց ոչ մի գիրք Վահագն Դավթյանից չտպագրեցին։ Սովորաբար հարյուրամյակին տպագրում են»։

Բանաստեղծի մահվանից հետո, այդուհանդերձ, գրքեր հրատարակվել են. - «Նախ առաջինը «Անխորագիր» վիպակը հրատարակվեց ինքնակենսագրական, որն ինքը իր կենդանության օրոք չէր հրատարակում, որովհետև ինչ-որ խնդիրներ կային։ Կային մարդիկ, որոնց մասին գրել էր, չէր ուզում, որ իրենք կարդան։ Իր մահից հետո տպագրվեց։ Հիմա Համազգայինը հայրուր բանաստեղծություն է տպագրում, դեռ լույս կտեսնի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG