Խերսոնի շրջանում զոհվել է Մոսկվայի կողմից ռուսական վարչակազմի ղեկավարի տեղակալ նշանակված Կիրիլ Ստրեմոուսովը:
Ռուսական լրատվամիջոցները և բլոգերները հայտնում են, որ նա ճանապարհային վթարի զոհ է դարձել: Հաղորդվում է, որ դա տեղի է ունեցել ուկրաինական բանակի հակագրոհի ընթացքում:
Նրա զոհվելու մասին են հայտնում ռուսաստանցի ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը, բլոգեր Բորիս Ռոժինը և «Ռուսաստանն այսօր» պետական հեռուստակայանը: Ըստ այդ աղբյուրների, ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Խերսոնի շրջանում գտնվող Գենիչեսկի ավանի մոտակայքում:
Խերսոնի շրջանի գրավումից հետո Ստրեմոուսովը հանդես է եկել որպես Ռուսաստանի տեսակետները ներկայացնող անձ: Նա առաջիններից մեկն է հայտնել Խերսոնի շրջանը Դաշնությանը միացնելու Մոսկվայի մտադրության մասին:
Պատերազմից առաջ նա շրջանում քաղաքական գործունեություն է վարել, կազմակերպել է ռուսամետ միջոցառումներ և պնդել Ուկրաինայի արևելյան հատվածները Ռուսաստանին միացնելու անհրաժեշտության մասին: