Մատչելիության հղումներ

Հայաստանի պետական կամերային նվագախումբը Գերմանիայում կներկայացնի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները


Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տունը Երևանում
Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տունը Երևանում

Երեկ երեկոյան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ մի շատ ուշագրավ համերգ՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի և աշխարհահռչակ ջութակահար, Գինեսի ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանի մասնակցությամբ։ Համերգային ծրագրում Մենդելսոնի և հայ կոմպոզիտորների՝ Կոմիտասի, Տիգրան Մանսուրյանի, Էդվարդ Միրզոյանի, Էդվարդ Հայրապետյանի և Ռուբեն Ալթունյանի ստեղծագործություններն էին։

Ուշագրավ է, որ հենց այսօր Հայաստանի պետական կամերային նվագախումբը մեկնում է Գերմանիա՝ հյուրախաղերի, որոնց ընթացքում գերմանական տարբեր քաղաքներում նվագախումբը նույն երեկվա համերգային ծրագրով է հանդես գալու գերմանացի անվանի դիրիժոր Ֆիլիպ Ամելունգի ղեկավարությամբ։

Ինչպես «Ազատության» հետ զրույցում ընդգծում էր նվագախմբի տնօրեն Ֆելիքս Բաբուրյանը, իրենք ցանկանում էին այս համերգային ծրագիրը նախ հայրենիքում ներկայացնել մեր երաժշտասերներին, ապա նոր միայն գերմանացի ունկնդրին. - «Նոյեմբերի 9-ին Հայաստանի պետական կամերային նվագախումբը մեկնում է հյուրախաղերի։ Ութ օրով, հինգ համերգով երեք տարբեր քաղաքներում։ Բացառապես հանդես ենք գալու եկեղեցիներում շատ գեղեցիկ ծրագրերով։ Այս տարի լրանում է Ֆելիքս Մենդելսոնի 175-ամյակը մահվան, և այդ պատճառով փառատոնի առաջին հատվածը կրում է «Հայաստանը հանդիպում է Մենդելսոնին» խորագիրը։ Մենք կատարելու ենք Մենդելսոնի և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ»։

Ուշագրավ է նաև, որ նվագախմբի հետ հանդես է գալու ոչ միայն ջութակահար Նիկոլայ Մադոյանը, այլև մեր մեկ այլ անվանի երաժիշտ Գերմանիայից. - «Մեր հետ հանդես է գալու վիտուոզ ջութակահար, Գինեսի ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը և սոպրանո Աննա Ավդալյանը Գերմանիայից։ Համերգների դիրիժորն է Ֆիլիպ Ամելունգը, ով Հայաստանում արդեն երկու անգամ հանդես է եկել Բախի ստեղծագործություններով, և դրանից հետո մեզ հրավիրել է Գերմանիա։ Սա կլինի նրա հետ երրորդ համագործակցությունը։ Շատ հավանել է նվագախումբը, և շատ հեշտ է նրա հետ աշխատել։ Այդ պատճառով մեզ հրավիրեցին այս փառատոնին։ Կարծում եմ, որ շարունակական կլինի»։

Հավելենք, որ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հյուրախաղերը տեղի ունենալու ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Հյուրախաղերի շրջանակներում նախատեսված է նաև համերգ Գերմանիայի Դաշնության Սաքսոնիա-Անհալթ երկրամասում կայանալիք «Հայաստանի օր» խորագրով միջոցառման ժամանակ։

«Հյուրախաղերի վերջին համերգը տեղի է ունենալու Մագդեբուրգ քաղաքում Սուրբ Հովհաննես եկեղեցում», - ասաց Բաբուրյանը՝ հավելելով. - «Էս բարդ ժամանակահատվածում շատ կարևոր է, որ նվագախումբը, բացի այն համերգներից, որ կազմակերպվում են Հայաստանում, կարողանա նաև լինել արտերկրում։ Մեր կամերային նվագախմբի առաքելություններից մեկն է ներկայացնել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները ամբողջ աշխարհում, և սա շատ հիանալի հնարավորություն է։ Սա մեր այս տարվա վերջին հյուրախաղերն են, բայց դեռ ունենք մի քանի համերգ մինչև տարեվերջ։ Եվ արդեն աշխատում ենք նաև հաջորդ տարի ունենալ այլ հյուրախաղեր։ Այս տարի եղել ենք Մոսկվայում մայիսին, մասնակցել ենք կամերային նվագախմբերի միջազգային փառատոնին, որի գեղարվեստական ղեկավարն է Յուրի Բաշմետը։ Փառատոնը ընդհանրապես առաջին անգամ էր անցկացվում, և մասնակցեցինք մենք և չորս նվագախմբեր։

Նվագախմբի տնօրեն Ֆելիկս Բաբուրյանի խոսքով----

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG