Մատչելիության հղումներ

Գերիներին դեռ չբուժած հետ են ուղարկում ծառայության. ահազանգում են ծնողները


19-ամյա նորակոչիկը, որի տվյալները ոչ ինքը, ոչ մայրը չեն ցանկանում հրապարակել, այս պահին պառկած է Երևանի կայազորային հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում: Մինչ այդ` սեպտեմբերյան արյունալի մարտերից հետո, գերեվարվել էր ու ավելի քան երեք շաբաթ անցկացրել Բաքվի բանտերում:

Երևան վերադարձից մեկ ամիս անց Պաշտպանության նախարարությունը, ըստ հարազատների, առանց բուժզննության նրան կրկին կանչել է բանակ` ծառայությունը շարունակելու: Ծնողներն իրենց միջոցներով են տղային հետազոտել, արդյունքում` տեղափոխել են հոսպիտալ:

«Շատ հնարավոր էր հիմա մենք ունենայինք ևս երկրորդ նախադեպը, որ ինքը գնար զորամաս ու այնտեղից հետ գար, ինչ-որ մի պրոբլեմ լիներ, վիճաբանություն լիներ և այլն», - ասաց ծնողը:

Մոր խոսքով, գերության մեջ որդին կտտանքների է ենթարկվել, և նախարարությունը վերադարձից հետո նրան միայն քսան օր է արձակուրդ տվել: Մինչդեռ տղան հոգեբանական լուրջ աջակցության կարիք ուներ, բողոքում էր անքնությունից ու մշտական գլխացավից:

«Անպայման պետք է ենթարկել հոգեբանական հետազոտության, որպեսզի որոշվի երեխաների հոգեբանական վիճակը, բայց դա չարվեց: Երբ որ այդ օրը զինվորական համազգեստը հանեցի, որ ինքը պետք է հագներ գնար Ռազմական ոստիկանություն, շատ անսպասելիորեն ինքը այլայլվեց, չգիտեմ ինչ վիճակների մեջ ընկավ: Էդպես մի անգամ էլ էր եղել, երբ ես մի քանի օր առաջ գրեչկա էի եփել, ինքը գրեչկայի հոտից, ասում է՝ «ո՞նց, գրեչկա՞ է, ես 20 օր կերել եմ դրանից, էլ էս տան մեջ գրեչկա չեփես», նմանատիպ ռեակցիա, որ միանգամից բռնկվեց, երբ համազգեստը տեսավ», - ներկայացրեց նա:

Մայրը վիրավորված է պետության վերաբերմունքից։ Պատմում է, որ գերությունից վերադառնալուց հետո` բուժզննմանը զուգահեռ, տղաներն առաջին երեք օրն անցկացրել են Քննչական կոմիտեում՝ կիսաքաղցած անընդմեջ հարցաքննվել են՝ դեռ ադրբեջանցիների տված հագուստով։ Մյուս կողմից էլ, Ռազմական ոստիկանության մի պաշտոնյա ակնարկել է, թե՝ նռնակ չունեի՞ք, որ գերի եք ընկել. «Ու իմ տղան ասում է, որ «հենց ցավը դա է, որ ես ամբողջ ընթացքում հենց էդ գիտակցությունն եմ ունեցել, որ ավելի լավ է մեռնեմ, քան գերի ընկնեմ, ուղղակի հանգամանքների բերումով դա իմ մոտ չի ստացվել»:

Որդուն 8 օր որոնելուց հետո նրան ի վերջո գերիների մեջ գտած մայրը նեղսրտում է՝ ադրբեջանական բանտից հետո հոգեբուժական զննություն անցնող տղայի վրա հոսպիտալը կարող է էլ ավելի վատ ազդեցություն թողնել: Ադրբեջանական բանտից ազատված տղայի աչքի առջև նույն ճաղավանդակն է, այս անգամ` հայրենիքում. «Մարդկանց համար, ովքեր 20 օր եղել են գրության մեջ, էդ ճաղերի հետևում ու հիմա հայտնվել են ոնց որ նոր գերության մեջ ու իրենք անընդհատ էդ վերապրում են»:

«Բնականաբար, ճաղավանդակներով չպետք է լինի, սակայն այստեղ նաև պետք է այլ մոտեցում որդեգրել, այսպես ասած, մարդակենտրոն: Առանց այդ էլ այդ երիտասարդները գտնվել են շատ դաժան իրավիճակներում և նրանց շրջապատող միջավայրը պետք է մի փոքր ավելի լավը լինի, լավ պայմաններ լինեն, ոչ թե նրանց հիշեցնենք ինչ-որ խիստ պայմաններ, որից էլ երբեմ բողոքում են թե՛ զինծառայողները, թե՛ նրանց ծնողները», - ընդգծեց իրավապաշտպանը:

Այս երիտասարդի պատմությունը միակը չէ, «Ազատությունը» ահազանգեր է ստացել գերությունից վերադարձած, դեռ չկազդուրված երիտասարդներին առանց համարժեք օգնության ու բուժզննության կրկին զորակոչելու մասին: Զինվորների խնդիրներով զբաղվող իրավապաշտպան Արմինե Սադիկյանը ևս 44-օրյա պատերազմից հետո բազմաթիվ նման դեպքեր է հանդիպել:

«Նոր վերադարձած ռազմագերիներից մեկի գործով զբաղվում ենք և ունենք նաև հոգեբանի, հոգեբուժի եզրակացություն առ այն, որ տվյալ անձը երբեմն կարծում է, թե ինքը դեռևս գտնվում է պատերազմական գործողություններում և պետք է պաշտպանի իր ծառայակիցներին: Դա կարող է, այո, վտանգավոր լինել, թե՛ սեփական անձի համար, թե՛ իրենց շրջապատող անձանց համար: Նա մի քանի օր անց վերադարձել է ծառայության, այնուհետև տեղափոխվել է Երևանի կայազորային զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք», - ներկայացրեց Սադիկյանը:

Իրավապաշտպաններն այս մասին խոսում են արդեն երկու տարի` 44-օրյա պատերազմից հետո` հորդորելով կառավարությանը վերանայել օրենքն ու գերությունից վերադարձածների համար հատուկ պայմաններ սահմանել: Այս հարցով օրենսդրական նախաձեռնություն, սակայն, մինչ օրս չկա:

Պաշտպանության նախարարությունից դեռ չեն արձագանքում, թե շաբաթներ առաջ հայրենադարձված 17 զինվորից քանիսին են արդեն հետ տարել բանակ։ «Ազատությանը», սակայն, հայտնի է առնվազն մեկ նման դեպքի մասին:

Արդյոք հայրենադարձված գերիներն անցնո՞ւմ են պարտադիր հոգեբանական և հոգեբուժական փորձաքննություն, արդյոք չկա՞ անհրաժեշտություն հոգեբուժական խնդիրներ ունեցող նախկին ռազմագերիների բուժզննումը կազմակերպել ոչ թե Կանազի հոգեբուժական բաժանմունքում, այլ՝ առանձին հաստատությունում, զինվորի ծնողի նշած՝ նռնակի պատմությունը Պաշտպանության նախարարությունը կուսումնասիրի՞ և ի՞նչ է ձեռնարկվում նման միջադեպերից խուսափելու համար, կարիք չկա՞ նախկին ռազմագերիներին ազատել ծառայությունը շարունակելու պարտավորությունից, այս հարցերի պատասխանները ռազմական գերատեսչությունից խոստացան տալ ավելի ուշ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG