Մատչելիության հղումներ

Պահեստազորայինի սպանության համար մեղադրվողը դատվածությունը չմարած՝ հավաքի էր տարվել


Ինչո՞ւ է Պաշտպանության նախարարությունը վարժական հավաքի տարել դատվածությունը դեռ չմարած և փորձաշրջանի մեջ գտնվող քաղաքացուն, որն այժմ մեղադրվում է մեկ այլ հանցանքի, արդեն սպանության համար։ Պաշտպանության նախարարությունից միայն պնդում են, որ օրենքով են շարժվել. կան հավաքին չտանելու բացառություններ, որոնց մեջ, սակայն, դատվածություն ունենալը չի մտնում։

Ըստ իրավապահների, 24-ամյա Վահե Ղազարյանը անցած շաբաթ վիճել էր մեկ այլ պահեստազորայինի՝ 37-ամյա Միսակ Պետրոսյանի հետ, ապա գործի դրել զենքը։ Ղազարյանը թեև խոստովանական ցուցմունք է տվել, բայց համաձայն չէ երկու ամիս կալանքի տակ մնալ։

Նրա փաստաբան Մուշեղ Վարդանյանը պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը, որտեղ որպես կալանավորման հիմք է դրվել սպանության մեջ մեղադրվողի՝ ժամանակին կատարած մյուս հանցանքը. - «Էն գործը ի՞նչ կապ ունի էս գործի հետ»։

Արարատի մարզի Սիս գյուղի բնակիչ Ղազարյանը, ըստ իրավապահների, երկու տարի առաջ դանակահարել էր իր համագյուղացիներից մեկին, ապա դատապարտվել երեք ու կես տարվա ազատազրկման, սակայն, դատարանը որոշել էր չկիրառել պատիժն ու նրան թողնել ազատության մեջ՝ նշանակելով երեք տարի փորձաշրջան։

Այս վճիռը դատախազությունը բողոքարկել է ընդհուպ վճռաբեկ, և մինչ վերջնական որոշում կկայացվեր, Ղազարյանը կանչվել է վարժական հավաքի։

Ինչո՞ւ է նա վարժական հավաքի ժամանակ գործի դրել իրեն տրամադրված զենքը, սկզբում կրակել Միսակ Պետրոսյանին, ապա՝ իր ոտքին։ Փաստաբան Մուշեղ Վարդանյանն այս հարցերին չի պատասխանում, ասում է՝ դատարանում կխոսեն։ Ողբերգական վեճի առիթը, ըստ փաստաբանի, եղել է այն, որ «իրար չեն հասկացել»։

Ինչո՞ւ Պաշտպանության նախարարությունը պարտադիր զինծառայության դեպքում հաշվի է առնում անձի դատվածության հարցը, իսկ վարժական հավաքների դեպքում՝ ոչ։ Օրենքն իսկապես բաց ունի, ասում են բանակի հարցերով զբաղվող ՀՔԱ Վանաձորի գրասենյակում։

Իրավապաշտպանները, սակայն, կարծում են, որ օրենքի բացը չպետք է ռազմական գերատեսչությանը թույլ տար թեկուզ կարճ ժամկետով զորակոչել դեռ դատվածությունը չմարած քաղաքացուն։

«Փաստորեն մեկ ուրիշը՝ պահեստազորային Միսակ Պետրոսյանը զոհ է գնացել։ Ես չեմ ուզում կոնկրետ մեղադրանքներ հնչեցնել, բայց խնդիրը... մենք արդեն տեսնում ենք, որ էստեղ խնդիր կա։ Սա ի՞նչ իմիջիայլոց մոտեցում է զորակոչի նկատմամբ։ Կարևորը զորակոչելն է և ոչ թե ինչպես, ում... տեսանք ևս մեկին, որը հիվանդությունների պատճառով մահացավ եռամսյա հավաքներին, չէ՞։ Իսկ սպանությունը դա արտառոց եմ գնահատում», - ասում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ հավելելով, որ այս ամենը խոսում է վերահսկողության իսպառ բացակայության մասին։

Ըստ նրա, Պաշտպանության նախարարությունը պարտավոր էր ուսումնասիրել մասնակցի փաստաթղթերը, իսկ այդ դեպքում չէին կարող չնկատել դատվածության դրվագը. - «Կարևորը՝ ապահովեն էն թվաքանակը, որ իրենց պետք է։ Սա ավանդույթն է հայկական բանակի, դա միշտ է եղել՝ թվով ապահովելը և ոչ թե որակով ապահովելը։ Ես դրանով չեմ դատում միայն, բայց մարված լիներ այդ դատվածությունը... սա դեռ ընթացքի մեջ է, մարդը դեռ էդ փորձաշրջանը չի անցել, դուք ինչի՞ հիման վրա եք իրան զորակոչում բանակ։ Եվ արդարացում չի կարող լինել, որ իրենք տեղեկություններ չունեին։ Դա փնթի, իմիջիայլոց վերաբերմունք է մարդու հանդեպ»»

Սպանված Միսակ Պետրոսյանը Երևանից էր, բիզնեսով էր զբաղվում, ապրում էր եղբոր ու ծնողների հետ։ Ընտանիքի անդամները դեռ չեն ցանկանում հարցազրույց տալ, ասում են միայն, որ առաջին իսկ զանգից հետո մեկնել էր վարժական հավաքի, կամավորագրվել էր նաև 44-օրյա պատերազմին։

XS
SM
MD
LG