Մատչելիության հղումներ

Երևանում համերգով հանդես կգան Շառլ Դյութուան ու Նիկոլայ Լուգանսկին


Վաղը երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա այս տարվա լավագույն համերգներից մեկը։ Հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ մեր ժամանակների լավագույն դաշնակահարներից Նիկոլայ Լուգանսկու մասնակցությամբ և աշխարհահռչակ դիրիժոր Շառլ Դյութուայի ղեկավարությամբ։

Համերգը տեղի է ունենում «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում։ Համերգից առաջ այսօր հրավիրված ասուլիսին «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ Ստեփան Ռոստոմյանը ներկայացնելով երկու երաժիշտներին՝ շեշտեց. - «Առաջինը, պիտի շնորհավորեմ էս մեծագույն երաժիշտների այցը փառատոնին։ Դյութուան այն երաժիշտներից է, որոնց մենք տարիներով ցանկացել ենք հրավիրել Հայաստան։ Աշխարհի ցանկացած նվագախմբի համար մեծ պատիվ է իր հետ աշխատել։ Եվ ես երջանիկ եմ, որ դա կայացավ Հայաստանում։ Խոսքը [վերաբերում է] նաև Լուգանսկիին, որը նույն որակի, նույն նրբության, նույն բարձունքների երաժիշտ է»։

Ստեփան Ռոստոմյանը հավելեց նաև, որ մեր օրերում շատ բարդ է նախապես ծրագրել փառատոնի գործունեությունը. - «Մեզ համար, ինչպես բոլորի համար, կոլապսային շատ բարդ ժամանակներ են։ Որովհետև մենք աշխատում էինք որևէ ծրագրի վրա հինգ տարի առաջ, վեց տարի առաջ, որ գիտենք, որ հինգ տարի հետո էս օրը էս նվագախումբը, էս երաժիշտի պիտի գա Հայաստան։ Հիմա մենք մեկ օր հետո չգիտենք ինչ ա լինում, մեկ ժամ հետո։ Եվ հիմա շատ դժվար ա մեծ կտավի... Ես սովոր եմ մեծ կտավով, մեծ լեպկաներով աշխատել, բայց հիմա օդ չկա դրա համար»։

Աշխարհի լավագույն նվագախմբերը ղեկավարած, ավելի քան 40 միջազգային մրցանակների՝ դրանց թվում և երկու «Գրեմմիի» դափնեկիր Շառլ Դյութուան Հայաստանում առաջին անգամ է հանդես գալու, բայց այսօր շեշտում էր, որ դեռ 15 տարի առաջ որպես զբոսաշրջիկ տիկնոջ հետ այցելել է Հայաստան։ Հարցիս, թե ինչ փոփոխություններ է տեսնում այս անգամ՝ ասաց, որ, իր կարծիքով, շատ բան է փոխվել, Երևանն ավելի ժամանակակից է դարձել, շատացել են սրճարաններն ու ռեստորանները, քաղաքն ավելի է գեղեցկացել, բայց մարդիկ չեն փոխվել՝ նույն բարի, ժպտերես, տաք ու սրտաբաց մարդիկ են։

Նա արդեն մի քանի փորձ է արել Ազգային ֆիլհարմոնիկի հետ և այսօր հատուկ ընդգծեց, որ առաջին անգամ է որպես երաժիշտ գտնվում Հայաստանում և ղեկավարում նվագախումբ, որի հետ փորձերը հրաշալի են և իրեն մեծ հաճույք են պատճառում։

Հավելեց նաև, որ շատ տպավորված է Արամ Խաչատրյանի անունը կրող համերգասրահով. հրաշալի դահլիճ ունեք, ասաց։ Ընդգծեց նաև, որ հայկական երաժշտական աշխարհը՝ ի դեմս Արամ Խաչատրյանի, ոչ միայն իրեն քաջածանոթ է, այլ նաև շատուշատ անվանի երաժիշտ հայ կատարողների է ճանաչում, որոնց շարքում նաև մտերիմ ընկերներ ունի։

Հայ կոմպոզիտորներն ու երաժիշտ կատարողները շատ հարազատ ու սիրելի են նաև անվանի դաշնաահար Նիկոլայ Լուգանսկուն։ Ասում էր, որ չափազանց տպավորված է Խաչատրյանի, Բաբաջանյանի, Ավետ Տերտերյանի ստեղծագործություններով, որոք անմասն չեն իր երկացանկից։ Շատ հայ երաժիշտ կատարող ընկերներ ունի, որոնցից հատկապես առանձնացրեց Նարեկ Հախնազարյանին։

Իսկ վաղը երեկոյան կայանալիք համերգի ընթացքում կհնչի Ֆրեդերիկ Շոպենի Դաշնամուրի 2-րդ կոնցերտը և Հեկտոր Բեռլիոզի հանրահայտ 5 մասից բաղկացած «Ֆանտաստիկական սիմֆոնիան»։

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը երկու տասնամյակից ավելի կազմակերպում է աշխարհի լավագույն երաժիշտների հյուրախաղերը Հայաստանում։ Հարցիս, թե հատկապես այս օրերին որքանով է առավել կարևորվում նման հյուրախաղերը՝ փառատոնի հիմնադիր նախագահ Սռեփան Ռոստոմյանը պատասխանեց. - «Մարդկությունը ինչքան կապրի, անգամ պատերազմական վիճակներում, ամենակոլապսային վիճակներում, առանց մշակույթի, առանց արվեստի չկա մարդը։ Արվեստն ինքը հենց արդեն աստվածային է, դա վերմարդկային բան ա։ Ուրեմն պիտի փորձել շարունակել։ Նաև շատ ուրախ եմ, որ էն ճանապարհը, որ մենք բացեցինք Հայաստանի համար, հիմա տեսնում ենք, որ ուրիշներն էլ են կարողանում մարդիկ բերել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG