Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը այսօր ասել է, որ առաջիկա օրերին Վաշինգտոնում կայանալիք Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ու ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը պլանավորում է քննարկել խաղաղության պայմանագիրը։
Նա նշել է, որ հոկտեմբերի 2-ին Ժնևում, Հայաստանի իր պաշտոնակցի հետ կայացած հանդիպմանը հայկական կողմին է փոխանցվել հինգ բազային սկզբունքների վրա հիմնված ընդլայնված տարրերը։ Հայկական կողմը ասել էր, որ դրանց ծանոթանալու համար ժամանակ է պետք։
«Կարծում եմ Վաշինգտոնի հանդիպմանը մենք կարող ենք դա քննարկել»․- ասել է Բայրամովը։
Նա պնդել է, որ Ադրբեջանը հավատարիմ է խաղաղ օրակարգին և անթույլատրելի ու անընդունելի համարել երրորդ կողմի ազդեցության տակ ապակառուցողական դրսևորումները։