Մատչելիության հղումներ

Իրանն առաջին անգամ խոստովանեց Ռուսաստանին ԱԹՍ մատակարարելու մասին


Իրանն առաջին անգամ խոստովանեց, որ Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր է մատակարարել, պնդելով, որ առաքումը կատարվել է մինչ Ուկրաինայի դեմ պատերազմը։

Այդ մասին Թեհրանում այսօր ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն-Ամիր Աբդոլլահիանը՝ միաժամանակ հերքելով հրթիռներ մատակարարելու մեղադրանքները։

«Ինչ վերաբերում է արևմտյան որոշ երկրների բողոքներին, թե Իրանի Իսլամական Հանրապետությունը հրթիռներ ու դրոններ է տրամադրել Ռուսաստանին օգնելու համար Ուկրաինայի դեմ պատերազմում, ապա հրթիռների մասով այն բոլորովին կեղծ է, իսկ դրոնների մասով՝ ճիշտ։ Մենք սահմանափակ քանակությամբ դրոններ ենք տվել Ռուսաստանին Ուկրաինայի պատերազմից ամիսներ առաջ»։

Մինչ այս, իրանցի պաշտոնյաները բազմիցս հերքել են Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր մատակարարելու պնդումները։ Շաբաթվա սկզբին, ՄԱԿ-ում Իրանի դեսպանը Թեհրանի դեմ այդ մեղադրանքները բոլորովին անհիմն էր համարել, կրկնելով, որ ռուս-ուկրաինական պատերազմում Իրանը չեզոքություն է պահպանում։

Կիևը պնդում է, որ ռուսական ուժերը իրանական դրոններով են հարվածում Ուկրաինայի էներգետիկ ու քաղաքացիական այլ ենթակառուցվածքների։ Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները լարվել են։

Իրանի արտգործնախարարն այսօր ասել է, թե Ուկրաինայի իր պաշտոնակցի հետ պայմանավորվել են, որ Ուկրաինան ցանկացած ապացույց ներկայացնի իրանական դրոնները Ուկրաինայի դեմ օգտագործելու վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG