Մատչելիության հղումներ

9 ամիս անց էլ իրավապահները քրեական վարույթ չեն նախաձեռնել՝ պարզելու Արմեն Սարգսյանի հայտարարագրման հարցերը


9 ամիս շարունակ իրավապահները փորձում էին հասկանալ՝ արդյո՞ք նախկին նախագահ Արմեն Սարգսյանը, տարիներ առաջ չհայտարարագրելով իր միլիոնները շվեյցարական բանկում, հանցանք է կատարել։ «Ազատության» հարցմանը Գլխավոր դատախազությունից տրամադրած պատասխանից պարզ է դառնում, որ քրեական վարույթ չի նախաձեռնվել։

Դատախազությունը հայտնել է, որ նախագահի միլիոնների մասին հետաքննող լրագրողների հոդվածն ուղարկել են ԱԱԾ՝ դրանում նշված տեղեկություններն ստուգելու նպատակով, ստացել են պարզաբանում։ Թե ինչ պարզաբանման մասին է խոսքը, իրավապահները չեն բացահայտում։ Մինչդեռ չհայտարարագրման փաստը բացահայտած հետաքննող լրագրող Սամսոն Մարտիրոսյանը կարծում է, որ անցած ամիսները բավարար էին եզրակացություններ անելու համար։

«Այս պատասխանը նշանակում է, որ որևէ բան չի արվել առնվազն հուլիսից, որովհետև ես ասել էի, որ հուլիսին մենք հոդված էինք գրել և այդ հոդվածում ասում էինք, որ ԱԱԾ-ին դիմել ենք հարցով, թե ինչու Արմեն Սարգսյանը դեռ չի հարցաքննվել, ու ինչ փուլում է գտնվում գործը ընդհանրապես, ու մեզ ասել էին, որ գաղտնիք է պարունակում այդ տեղեկատվությունը, ու որևէ բան չէին ասել», - պատմում է լրագրողը:

Փետրվարին միջազգային գործընկերների հետ իրականացրած հետաքննության ընթացքում Հայաստանի հետաքննող լրագրողները պարզել էին, որ Միացյալ Թագավորությունում դեսպան աշխատելու տարիներին Արմեն Սարգսյանի և նրա քրոջ՝ Կարինե Սարգսյանի անվամբ շվեյցարական Credit Suisse բանկում եղել է 10 միլիոնից ավելի շվեյցարական ֆրանկ, որը, սակայն, դեսպան Սարգսյանը չէր հայտարարագրել։ Այս հետաքննությունից ընդամենը մեկ ամիս առաջ Սարգսյանը հրաժարական էր ներկայացրել Հայաստանի նախագահի պաշտոնից։

Ըստ հետաքննող լրագրողների՝ շվեյցարական հաշիվը գործել է 10 տարի սկսած 2006 թվականից, այս ժամանակահատվածը համընկնում է Արմեն Սարգսյանի՝ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան եղած տարիներին։ Անցած հունվարին նախագահի պաշտոնից անսպասելի հրաժարական տված Սարգսյանը հետաքննող լրագրողներին 10 միլիոն ֆրանկը չհայտարարագրելու փաստը բացատրել էր այսպես. «Այն ժամանակ հայտարարագրերն էլեկտրոնային չէին և չէին պարտավորեցնում հայտարարագրել կոնկրետ բանկային հաշիվներ, միայն իմ կանխիկ գումարները, որոնք ես ամեն տարի հայտարարագրում էի»:

Սարգսյանը հավելել էր, որ այդ պատճառով էլ հայտարարագրել է միայն 8 միլիոն եվրո։ Մինչդեռ նախկին նախագահի այս բացատրությանը հակադարձել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որի ղեկավարը պնդել էր՝ առհասարակ դրամական միջոցը, ինչ տեսքով էլ այն պահվեր, հայտարարագրման ենթակա է։

Հետաքննությունից ամիսներ անց հետաքննող լրագրողը վստահ է՝ նախկին նախագահն անգամ չի էլ հարցաքննվել, այնինչ ասում է՝ դրա համար բավարար հիմքեր կային։ Մինչդեռ իրավապահները մեծ փութաջանությամբ հարցաքննել են «Հետքի» գլխավոր խմբագրին։

«Այս գործով ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտը հարցաքննել է «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանին ամիսներ առաջ, ու այնպես է ստացվում, որ նյութի համահեղինակին՝ «Հետքի» գլխավոր խմբագրին հարցաքննել է ԱԱԾ-ն, բայց Արմեն Սարգսյանին՝ ոչ», - ասաց լրագրողը:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը համոզված է, որ նախկին պաշտոնյան հրաժարականից հետո պետք է հրապարակեր իր ունեցվածքի աղբյուրները։

Նա ուշադրություն է հրավիրում հայտարարագրման մեխանիզմի կարևորության վրա, առանց այս համակարգի՝ իշխանության նկատմամբ չի կարող լինել վստահություն, նկատում է իրավապաշտպանը. «Ինչպե՞ս է լինում, որ որոշ դեպքերում իրավապահ մարմինները շատ սկզբունքային, հետևողական քրեական գործ են հարուցում կամ վարչական պատասխանատվության ինստիտուտն են կիրառում, իսկ տվյալ դեպքում չեն կիրառում: Արդյոք դա քաղաքական ինչ-որ համաձայնությունների հետևա՞նք է, և սա այն դեպքում, երբ ակնհայտ է փաստը, արձանագրված է փաստը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից, և դա արդեն բավարար է քրեական հետապնդումը սկսելու, պետք է ենթադրել, որ տեղի է ունենում քաղաքական համաձայնություն, կամ ըստ քաղաքական նպատակահարմարության օրենսգրքի կամ իրավական նորմի չկիրառման փաստ, որն, իհարկե, խայտառակություն է»:

Արմեն Սարգսյանին վերաբերող մեկ քրեական գործ առնչվում է նրա Մեծ Բրիտանիայի քաղաքացի լինել-չլինելու հարցին, Գլխավոր դատախազությունից միայն փոխանցում են՝ կատարվում է նախաքննություն առանց մանրամասնելու՝ կա՞ մեղադրյալ, թե՝ ոչ։ Իրավապահները այս գործի շրջանակում քննում են նաև՝ արդյո՞ք մինչև նախագահ դառնալը Սարգսյանը Կարիբյան ծովում գտնվող և օֆշորային պետություն համարվող փոքր երկրի՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի էր։ Սա ևս հետաքննող լրագրողների բացահայտումն էր, որը նախկին նախագահը չի հերքել։ Սահմանադրության համաձայն` նախագահը վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի պետք է լինի։

Արմեն Սարգսյանը հրաժարականից հետո հարցազրույցներ չի տվել, միայն ժամանակ առ ժամանակ ցավակցական կամ շնորհավորական ուղերձներ է հղում, չի հայտնել նաև, թե որ երկրում է բնակվում։

XS
SM
MD
LG