24 ժամ լռություն պահելուց հետո այսօր առավոտյան իշխող կուսակացությունը պաշտոնապես հաստատեց, որ իր ղեկավար մարմնի ընտրությունների արդյունքերը սխալ են հաշվարկվել, և ստացված դիմումի հիման վրա իրականացվել է քվեաթերթիկների վերահաշվարկ։
Արդյունքում վարչության կազմից դուրս են մնացել իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, փոխարենը նոր վարչության կազմում են պատգամավոր Արսեն Թորոսյանը և ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանը։
Հայտարարության մեջ այդպես էլ չի հստակեցվում ով է դիմել վերհաշվարկի համար, ձայները կեղծվե՞լ են, թե՞ անփություն է եղել, կամ հնարավոր պատասխանատվության հարցը դարձե՞լ է քննարկման առարկա, թե՞ ոչ ։
Չնայած սխալ հաշվարկի մասին մամուլի հրապարակումներին, երեկ կուսակցությունը ողջ օրվա ընթացքում հրաժարվում էր մեկնաբանել այս հարցը։ Այսօր էլ վարչության անդամներից Գևորգ Պապոյանը շարունակում էր պնդել, թե սա Հայաստանի պատմության մեջ երբևէ տեղի ունեցած ամենաժողովրդավարական համագումարն էր. - «Այդքան մեծ ձայների մեջ, ես կարծում եմ, որ նորմալ է, որ ինչ-որ մեկի ձայնը, ենթադրենք, երկուսով ավելացավ կամ երեքով պակասեց... մարդը մի հատ վերև, մի հատ ներքև ա կարդացել, կամ մուտքագրողը հոգնած ա էղել, հիմա մկնիկը մի հատ վերև, մի հատ ներքև։ Երևի թե աշխարհում քիչ նախադեպեր... ես չգիտեմ, բայց միգուցե էղած լինի նման թափանցիկ համագումարներ, համաժողովներ և նման թափանցիկ ընտրություններ։ Երևի թե եղած կլինեն, և այս առումով ես ուզում եմ ասել, որ դրանից ավել թափանցիկ, երբ որ պրոցեսը, հաշվարկը ուղիղ եթերում, դրվում է կուսակցության պաշտոնական էջում, ինչ-ինչ, բայց նման հարցում մեզ մեղադրել չի ստացվի, որովհետև մեզ մեղադրելով մեղադրողը հայտնվելու է ոչ այնքան հաճելի վիճակում»։
Հարցին՝ եթե ամեն ինչ այդքան ժողովրդավար էր, ինչո՞ւ լրագրողներին չթույլատրվեց լուսաբանել համագումարը, Պապոյանն արձագանքեց. - «Ուրեմն էսպես ասեմ, դա... հաշվարկը եղել է թափանցիկ»։
Վարչության մյուս անդամները, ովքեր այս պատմության հիմնական դերակատարներ էին, թե' երեկ, թե' այսօր ամեն կերպ խուսափում են լրատվամիջոցների հետ շփումներից։ Ամենայն հավանականությամբ վերահաշվարկի դիմումի հեղինակը Արսեն Թորոսյանն էր, որն այսօր անգամ առողջապահության հանձնաժողովի նիստին չէր ներկայացել, իսկ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի քարտուղարուհին դեռ երեկվանից պնդում է, թե նա հանդիպման է և չի կարող ընդունել լրագրողներին։
Երկու օր է փակ է նաև, ըստ մամուլի, համագումարի կազմակերպիչներից Արփի Դավոյանի աշխատասենյակի դուռը։ Հնարավոր չեղավ կապ հաստատել նաև ընդամենը մի քանի օրով վարչության անդամ դարձած փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի հետ, ում ձայները վերահաշվարկի արդյունքում ամենաշատն էին պակասել։
Մինչ իշխող կուսակցության անդամները շարունակում են խուսափել մեկնաբանություններից, մամուլը գրում է, որ հենց կուսակցության ներսում են կեղծիքների մասին բարձրաձայնումներ եղել։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանի խոսքով, քանի որ ձայների փոփոխութոյւնը ազդել է վերջնական արդյունքի վրա, դա միանշանակ դիտարկվում է որպես կեղծիքի փորձ. - «Եղել է կեղծիքի փորձ։ Բայց էդ կեղծիքի փորձը բացահայտվել է այն բանի շնորհիվ, որ այդ կեղծիք անողները նույնիսկ չեն կարողացել այնպես անեն, որ թվաբանությունը վերջում բռնի»։
Գևորգ Պապոյանը, որ ճեպազրույցի զգալի հատվածը նվիրեց Հայաստանի և ՔՊ-ի ժողովրդավարությանը, բացառում էր կեղծիքի ցանկացած փորձ. - «Ես ինքս գոնե այլ կարծիք չեմ լսել»։
«Ազատության» հարցին, թե արդյոք անհետևանք է մնալու սա, եթե ոչ թե դիտավորություն էր, այլ անփութություն, Պապոյանն արձագանքեց. - «Ես ուզում եմ նշել, որ մեզ մոտ ամեն ինչ թափանցիկ է»։
Դանիել Իոաննիսյանը հիշեցնում է. - «Գևորգ Պապոյանը կարծեմ մինչև հեղափոխությունն էլ Հանրապետական կուսակցությունում էր, և էն ժամանակ էլ Հանրապետական կուսակցությունն էր «ամենաժողովրդավարը», էն ժամանակ էլ ընտրությունները չէին կեղծվում՝ գոնե ըստ այն կուսակցության, որին անդամակցում էր Գևորգ Պապոյանը այն ժամանակ»։
Վերահաշավարկից հետո ՔՊ վարչության նոր կազմը դարձյալ միաձայն վարչության նախագահ է ընտրել Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեց վաչության անդամներից Սասուն Միքայելյանը։
Անցած կիրակի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համագումարի ժամանակ Փաշինյանը առաջին անգամ ստանձնեց այս պաշտոնը։ Մինչև այդ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էր կուսակցության ղեկավարը, ավելի վաղ Սասուն Միքայելյանը, նրանից առաջ՝ Արայիկ Հարությունյանը։