Մատչելիության հղումներ

Ադրբեջանը ներդրումներ և երաշխիքներ է պահանջում Եվրամիությունից


Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը էներգետիկ համաձայնագիրը կնքելուց հետո, Բաքու, 19-ը հուլիսի, 2022թ.
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը էներգետիկ համաձայնագիրը կնքելուց հետո, Բաքու, 19-ը հուլիսի, 2022թ.

Պաշտոնական Բաքուն զգուշացնում է՝ եթե Եվրամիությունը ցանկանում է, որպեսզի Ադրբեջանը կատարի այս տարվա հուլիսին ԵՄ-ի հետ կնքված էներգետիկ համաձայնագրի դրույթները, ապա պարտավոր է ներդրումներ կատարել խողովակաշարերի ընդլայնման նպատակով և երաշխավորել ադրբեջանական գազի գնման պայմանագրերի երկարաժամկետ բնույթը։ Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։

Ադրբեջանցի դիվանագետի խոսքով՝ առանց նոր ներդրումների Ադրբեջանն ի վիճակի չի լինի կյանքի կոչել ամռանը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի առջև ստանձնած պարտավորությունները՝ մինչև 2027 թվականը ադրբեջանական գազի արտահանման ծավալները ԵՄ երկրներ հասցնելով առնվազն 20 միլիարդ խորանարդ մետրի՝ ներկայիս 10-11 միլիարդի դիմաց։

«3500 կիլոմետր երկարություն ունեցող՝ Կասպից ծովից դեպի Ադրիատիկ ծով կառուցված «Հարավային գազային միջանցքի» ընդլայնումը միլիարդավոր դոլարների ներդրում է պահանջում, ինչպես նաև երկարաժամկետ պայմանագրեր, որոնցով եվրոպական ընկերությունները կպարտավորվեն 2027 թվականից հետո ևս գնել ադրբեջանական գազը», - Financial Times -ի հետ զրույցում հայտարարել է փոխարտգործնախարար Մամեդովը։

Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ «շահագրգիռ ընկերությունները՝ լինեն դրանք մասնավոր թե պետական, պետք է իրենց գրպանից ներդրումներ կատարեն, որպեսզի մենք կարողանանք մեծացնել մատակարարումների ծավալը»։

Այս հարցազրույցում Էլնուր Մամեդովը նույնիսկ թափանցիկորեն ակնարկում է, թե ուկրաինական պատերազմի և Ռուսաստանի հետ կապերը խզելու ֆոնին Եվրոպան առանձնապես մեծ ընտրություն չունի։

«Այժմ Եվրոպան գազի նոր մատակարարների ծայրաստիճան մեծ կարիք ունի։ Եվ մենք պետք է վստահ լինենք, որ սա Ուկրաինայում ծավալված պատերազմի հետևանքով ծագած րոպեական, այժմեական պահանջարկ չէ։ Մենք պետք է վստահ լինենք, որ մի օր այդ պահանջարկը չի սպառվի, և եվրոպացիները հանկարծ կրկին չեն սկսի գազ գնել Ռուսաստանից՝ ասելով մեզ, թե այլևս չունեն ադրբեջանական գազի կարիքը», - Financial Times-ի հետ զրույցում նշել է Ադրբեջանի փոխարտգործնախարարը։

Մամեդովը, սակայն, պնդում է, որ Բաքվի պահանջները Ադրբեջանի և Եվրամիության միջև աճող հակասությունների մասին չեն վկայում։

«Ես չէի ասի, որ մենք Եվրամիության հետ տարաձայնություններ ունենք, բայց վերը հիշատակված գործոնները ընդհանուր պատկերի կարևոր մասնիկներն են», - ասել է ադրբեջանցի դիվանագետը։

Financial Times-ը զրուցել է նաև էներգետիկ փորձագետ Լորան Ռուսեցկասի հետ, որն ընդանուր առմամբ պաշտպանել է ադրբեջանական տեսակետը՝ նշելով. - «Որևէ երկիր իր վրա չի վերցնի զարգացման նպատակով միլիարդավոր դոլարներ ծախսելու ռիսկը, եթե վստահ չլինի, որ երկարաժամկետ գնորդներ կան»։

Financial Times-ը փորձել է պարզել նաև ԵՄ ղեկավարության տեսակետը։ Եվրահանձնաժողովում, սակայն, հրաժարվել են թերթին պատասխանել՝ արդյո՞ք այժմ բանակցություններ ընթանում են մասնավոր կամ պետական կառույցների հետ՝ ադրբեջանական գազային ենթակառույցներում ներդրումներ ներգրավելու նպատակով, թե՞՝ ոչ։ Եվրահանձնաժողովից միայն պատասխանել են. - «Հաշվի առնելով էներգետիկ համագործակցության դրական փորձը և «Հարավային գազային միջանցքով» մատակարարումների մեկնարկը՝ Եվրամիությունն Ադրբեջանն ընկալում է որպես էներգակիրների վաճառքով զբաղվող վստահելի և ռազմավարական գործընկեր»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG